«Գոյ» թատրոնի դերասանները պահանջում են անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որով դեռ նախորդ տարվա վերջին թատրոնը վերամիավորվեց Ազգային ակադեմիական թատոնին։ Մինչև դատարանի վճիռը՝ դերասանները ԿԳՄՍՆ-ից պահանջում են միջանկյալ որոշմամբ թույլ տալ մտնել թատրոնի տարածք և աշխատել։ Նոյեմբերի 4-ին նրանք գնացել են փատաթղթերով լուծարված թատրոն՝ բանալիները վերցնելու, սակայն դրանք չեն ստացել։ Այս առիթով «Գոյ»-ի դերասանները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն ու նստացույց սկսել։
«Էլ ե՞րբ ենք ստեղծագործելու, մեր կյանքից գնում է, չէ՞ էդ էներգիան, էդ մտքերը էլ չեն լինում»։
«Գոյ»-ի՝ գոյություն ունենալու հետևողական ցանկությունն անցնում է պատկան բոլոր մարմինների դռներով։ Այս անգամ կանգառը ՄԻՊ գրասենյակն է։ Բեմադրիչ, «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը թվարկում է թատրոնի դերասանների խախտված իրավունքները․
«Կոնկրետ աշխատանքային պայմանագրերի խախտումներ են տեղի ունեցել, եղել են աշխատավարձերի ուշացումներ, էլ չխոսենք ստեղծագործական պրոցեսի մասին, որ էդ մարդիկ հարկադիր պարապմուրդի են ենթարկվել, չեն աշխատել, եղել է գործող տնօրենի ապօրինի հեռացում»։
Դեռ փետրվարին այս հիմքերով ՄԻՊ-ին ներկայացված դիմումի հետևից դերասանները եկել են 10 ամիս անց։ Այս ընթացքում գրասենյակի ներկայացուցիչների հետ մեկ-երկու հեռախոսազրույց են ունեցել, վստահեցում են ստացել՝ դիմումն ընթացքի մեջ է, ուսումնասիրվում է։ Բայց սպասելու ժամանակ էլ չկա՝ ասում են գոյեցիները, համբերության բաժակը լցվել է․
«Երեկ էլ մենք գնացել էինք դատախազություն՝ նույն սկզբունքով հասկանալու համար, թե մեր ուղարկված դիմումներն ինչ փուլում են։ Երեկվա փորձը ցույց տվեց, որ ունեցանք արդյունք, մինչև չգնացինք, չասեցինք՝ ոչ մի տեղաշարժ չեղավ, հիմա էլ նույնը, եկել ենք էստեղ»։
Փաստացի գոյություն չունեցող ու կառավարության որոշմամբ՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին վերամիավորված «Գոյ»-ը դատարանում վիճարկում է Պետռեգիստրում իր գրանցումն անվավեր ճանաչելու որոշումը, ինչպես նաև գույքի տնօրինման հետ կապված մի շարք հարցեր։ Թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանը դեռ հոկտեմբերի սկզբին հարցեր էր ուղղել արդարադատության նախարարությանը։
«Արդյոք չի՞ կասեցնում Սունդուկյան թատրոնի իրավունքները՝ գույքը օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու, և երկրորդ՝ արդյո՞ք դա իրավունք չի վերապահում «Գոյ» թատրոնին գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու: Ըստ էության, նախարարությունից պատասխան ենք ստացել, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի տրամաբանությունից, այո, բխում է, որ կասեցվում է»։
Մինչ դատարանը կվճռի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, թատրոնի անձնակազմը ԿԳՄՍ նախարարությունից պահանջում է հարցի միջանկյալ ու հրատապ լուծում։ Արդեն 7 օր դերասանները նստացույցով ակնկալում են թույլտվություն՝ մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը «Գոյ» թատրոնի աշխատանքները վերսկսելու համար։ Նախարարությունից պատասխանել են՝ հարցը իրավապահների տիրույթում է․
Սարգիս Արզումանյան․ «Շատ լավ է ձեռքերը լվանալ ու ասել՝ մենք գործ չունենք մշակույթի հետ։ Նստացույցը շարունակվելու է, բնականաբար, մինչև պահանջի կատարումը։ Իսկ ի՞նչ է պահանջը, ասում ենք՝ միջանկյալ լուծում արեք, բացեք դռները, մենք աշխատենք, ստեղծագործենք, մինչև դատարանը կորոշի։ Դուք ասում եք՝ իրավապահների շրջանակում է էս ամեն ինչը լուծվելու, մենք էլ ենք ասում՝ այո, երբ կառավարությունը որոշումը կայացրել էր, էդ օրվանից սկսած մենք դիմել էինք դատարան, այսինքն այդ օրվանից մինչև այսօր, իհարկե, իրավապահներն են զբաղվում այդ հարցի ճշմարտացիության մասով»։
Սունդուկյանցիները, մինչդեռ, այլ հիմնավորումներ ունեն։ Մայր թատրոնի իրավաբան Արմինե Մելքումյանն ասում է՝ որևէ կառույց չի կարող միջամտել գործընթացին՝ մինչև դատարանի որոշումը։
«Որևէ կառույց չի կարող միջամտել, եթե կա դատական գործ, իսկ այսօր կա դատական գործ, և Վարչական դատարանում այդ գործը քննում են: Այդ հոդվածը, որ իրենք անընդհատ ասում են՝ պետք է կասեցվի, պետք է կասեցվի, թեկուզ մենք ունենք դատարանի որոշում՝ 20-ը սեպտեմբերով, որը միջնորդությունը մերժվել է։ Սա ճանաչման հայց է դիտարկել արդարադատության նախարարության մասնագետը»։
Մինչ երկու թատրոնների միջև իրավական հանգույցները մեծանում են, «Գոյ»-ը հանդիսատեսին հրավիրում է բաց երկնքի տակ նեկայացում դիտելու։ Դերասան Գուրգեն Սարգսյանն ասում է՝ իրենց հանդիսատեսը հավատարիմ է այնքան, որքան դերասանները՝ թատրոնի տարածքին։
«Գոյ թատրոնը դեռ կասի՝ ով է մտավորականը։ Կարծում եմ՝ մեզնով շատ մարդիկ կհասկանան, թե ով է մտավորականը։ Մենք արվեստագետներ ենք, դրա համար ենք այսօր այստեղ, պայքարում ենք մեր արվեստի համար։ Այնպես չէ, որ պարապ նստած ենք։ Շուտով նոր ներկայացում ենք անելու հենց դրսում։ Վստահ եմ՝ մեր հանդիսատեսը գալու է, որովհետև մեր հանդիսատեսը մեզ նման անդավաճան է»։
«Գոյ»ամարտը շարունակվում է, այս շաբաթ բողոքի ակցիաներ կլինեն նաև պատկան այլ կառույցների շենքերի մոտ՝ ասում են դերասաններն ու ընդգծում՝ պայքարում են բացառապես նախկին կարգավիճակը վերականգնելու համար։