Երևանում նոյեմբերի 15-ին կկայանա «Silicon Mountains 2024» տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից, այս տարի այն նվիրված է տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին։
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը խոսել են միջոցառման կարևորության և օրակարգային թեմաների շուրջ։
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն իր ելույթում կարևորել է, որ միջոցառման հիմքում AI-ն է, քանի որ այն ներկայիս ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է, որում անհրաժեշտ ռեսուրսներ ներդնելով, դրանք ճիշտ և արդյունավետ կիրառելով՝ հնարավոր է լինել առավել մրցակցային, շոշափելի արդյունքներ գրանցել, ապահովել թռիչքային զարգացում տնտեսության մի շարք ճյուղերում։
«Հայաստանում գիտատեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար ՀՀ կառավարությունը հատկապես կարևորում է հետազոտությունների և մշակումների՝ R&D ուղղության զարգացումը։ Վերջին շրջանում դրան են միտված նաև օրենսդրական մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ R&D աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայումը: Եվ, բնականաբար, առավել արագ արդյունքներ կգրանցեն այն գիտնականները, հետազոտողներն ու կազմակերպությունները, որոնք կառաջարկեն AI գործիքներով լուծումներ, իսկ հաջողություններ կգրանցեն այն կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները՝ կարևորագույն պայման համարելով նաև AI-ի զարգացման հետ եկող ռիսկերին դիմակայելու համար հակազդեցություն ունենալու հնարավորությունները»,- ասել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղալ Ռուբեն Սիմոնյանը։
ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշել է, որ դեռևս 2019 թվականին «Silicon Mountains» գագաթնաժողովն անդրադարձել էր արհեստական բանականության թեմային, և այն ժամանակ արհեստական բանականությունը դիտվում էր որպես հեռավոր ապագայի՝ անհասանելի և ոչ իրական տեխնոլոգիա, սակայն այսօր դա արդեն իսկ ներկա է մեր կյանքում, և արհեստական բանականության համատարած կիրառումը շուտով կդառնա իրականություն՝ հաշված տարիների ընթացքում։
«Արհեստական բանականության կիրառումը մեծ ազդեցություն կունենա հատկապես արդյունաբերության, կառավարման և կրթության ոլորտներում։ Այն, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական մյուս ոլորտները, առաջիկա տարիներին կլինի առանցքային՝ երկրի տնտեսությունում և մեր առօրյա կյանքում։ Կշահեն այն ընկերությունները և պետությունները, որոնք կգտնվեն տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում և կստանան առավելություն գլոբալ մրցունակության ասպարեզում։ Մարդկային կապիտալն ու տաղանդները կլինեն առանցքային գործոններ՝ հաջողության ճանապարհին։ Այս տարի, առաջին անգամ, «Silicon Mountains»-ի նախօրեին, կանցկացվի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը։ Միկրոէլեկտրոնիկան հանդիսանում է ժամանակակից տեխնոլոգիական զարգացման հիմնասյուներից մեկը, որն ապահովում է նաև արհեստական բանականության առաջընթացը։ Հայաստանը այս ոլորտում ունի մեծ հնարավորություններ՝ զարգացնելու իր տեխնոլոգիական ներուժը, ստեղծելով նորարարական լուծումներ և կիրառելով նոր ռազմավարություններ՝ նպաստելով երկրի տնտեսական աճին, ապահովելով գիտության և տեխնոլոգիայի ոլորտում միջազգային հեղինակություն»,- ասել է Արմեն Բալդրյանը:
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն իր խոսքում անդրադարձել է գագաթնաժողովի թեմաների ընտությանը՝ նշելով, որ ամեն տարի ընտրում են այնպիսի թեմա, որն այդ ժամանակահատվածի համար ամենաարդիականն է, լի մարտահրավերներով, միևնույն ժամանակ՝ բոլորի համար հետաքրքիր։
«Այսօր բոլորն են խոսում Արհեստական բանականությունից, դրա հետևանքներից և ազդեցությունից։ Մենք հրավիրել ենք տարբեր ոլորտների և ուղղությունների էքսպերտների, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով և տեսլականով, այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության և կրթության վրա Արհեստական բանականության զարգացմանն ուղղված ներդրումները։
Վստահ ենք, որ շատ հետաքրքիր և հագեցած օր է մեզ սպասվում, նաև հաջորդ օրը ունենալու ենք B2B հանդիպումներ մեր էքսպերտների հետ։ Սիրով հրավիրում ենք բոլորին», — ասել է Էդուարդ Մուսայելյանը։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ այս թվային դարում շատ կարևոր է հետևել բոլոր նորամուծություններին, հետ չմնալ միտումներից։
«Կարծում եմ շատ կարևոր են այսպիսի հանդիպումները, որոնք թույլ են տալիս փորձով փոխանակվել, գաղափարներով կիսվել, նոր կապեր ձեռք բերել։ Ucom-ը որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն, որն ուղիղ կապ ունի բարձրագույն տեխնոլոգիաների հետ, ուրախ է թե՛ աջակցել ր թե՛ մասնակցել նման նախաձեռնությանը», — նշել է Ռալֆ Յիրիկյանը։
Silicon Mountains գագաթնաժողովի հատուկ հյուրերն են ՀՀ պետական մրցանակի 2023թ. դափնեկիր, «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և ՀՀ պետական մրցանակի 2024թ. դափնեկիր, Կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում գործող SIEMENS EDA-ի տնօրեն Սաշա Ահնեն։
Միջոցառման շրջանակներում կիրականցվի նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարումը։ Իսկ միջոցառման ավարտին՝ տեղի կունենա Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում կայանալիք 3 ելույթները և 3 պանելային քննարկումներն կանցկացվեն Industry.ai, Invest.ai և Impact.ai թեմաներով։
Արդեն 7-րդ անգամ իրականացվող ամենամյա տեխնոլոգիական գագաթնաժողովը, որն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: