Երազանքի ճանապարհ՝ այսպես են մեղրեցիներն ավանում Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակի հատվածը։ Շինաշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են, դրանք պիտի ավարտվեն 2027թ.-ին։
Ամենաբարդ հատվածներից մեկում աշխատում են իրանցի ճանապարհաշինարարները։ Պատասխանատուների հավաստմամբ՝ նրանք երբեմն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, որպեսզի ժամանակացույցից հետ չմնան։
Հյուսիս-հարավ Ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածում, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, լայն թափով ընթանում են հողային աշխատանքները։ Իրանի հյուսիսը Հայաստանի հարավին կապող ճանապարհային միջանցքի ամենաբարդ հատվածում աշխատում են իրանցի ճանապարհաշինարարները, որոնք աշխատանքները չեն դադարացնի ձմռանը։ Իրանական կազմակերպության կողմից իրականացվող շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ղեկավարի տեղակալ Գրիգորի Սարյանը կարծում է՝ նախատեսված ժամկետից հետ չեն մնա, ճանապարհահատվածը կկառուցվի 3 տարում։ Գրիգորի Սարյան
«Ինչպես մեր Մեղրիի ժողովուրդն է ասում՝ իրենց երազանքի ճանապարհն է։ Մենք կաշխատենք էս երազանքի ճանապարհը կառուցենք, լավ կլինի և մեր ժողովրդի, և մեր երկրի համար։ Ըստ գրաֆիկի՝ պիտի կատարեն 10,8 տոկոս, բայց կատարել են 10,06 տոկոսը։ Համարյա համաձայն գրաֆիկի են գնում»։
Չնայած այս պահին ճանապարհաշինարարական աշխատանքները կատարվում են հյուսիսային հատվածում, բայց ձմռանը՝ եղանակային փոփոխությունից հետո իրանցի շինարարներն իջնելու են հարավ՝ Արաքսի ափ, և Մեղրի, որտեղ եղանակն ավելի տաք կլինի։ Օրեր են լինում, երբ աշխատում են 24-ժամյա ռեժիմով՝ ասում է Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը․
«Իրականացվում են նաև Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման և թունելի կառուցման աշխատանքները։ 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում պետք է կառուցվի 17 կամուրջ և 2 թունել՝ շուրջ 900 մետր երկարությամբ»։
Հայ-իրանական համագործակցությունը վերջին տարիներին զարգանում է, որի ապացույցն այս ճանապարհի կառուցումն է՝ ասում է Հայաստանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին․
«Երբ կավարտվի Ագարակ-Քաջարան 32 կմ-ոց ճանապարհի կառուցումը, այդ ճանապարհատվածի տևողությունը մեկ ժամ 20 րոպեից կդառնա 20 րոպե, ճանապարհի լայնությունը 6 մետրից՝ 18։ Այուհետև կկառուցվի Քաջարանի թունելը, Քաջարան-Սիսիան 62 կմ-ոց հատվածը»։
Սյունիքում այս ծավալով իրականացվող աշխատանքները մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն աննախադեպ է համարում։ Բացի հյուսիս-հարավից, ընթացքում է Մեղրիի անցակետի արդիականացումը։
Ռոբերտ Ղուկասյան․ «Նույնիսկ ավագ սերունդը չի հիշում այսպիսի շինաարարական աշխատանքների ծավալ։ Որպեսզի մի փոքր պատկերացում կազմենք ես ինքս փորձել եմ հասկանալ թեկուզ Խորհրդային Միության ժամանակաշրջանում, եղել է, որ մեկ տարվա մեջ 40 դպրոցի կառուցման մեկնարկ տրվի։ Չեմ կարողացել գտնել համեմատականը»։
Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ ճանապարհի կառուցումից հետո կզարգանա զբոսաշրջությունը, կմեծանա Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը։ Մարզպետի հետ համաձայն է դեսպան Մեհդի Սոբհանին՝ նշելով,որ դրա համար բարձր որակի ենթակառուցվածքներ են պետք։
«Երբ շինարարությունն ավարտվի, մեր բեռնատարների քանակը օրական 600-ից կավելանա մի քանի հարյուրով։ Արաքսի վրա գործող կամուրջը բավարար չի, պիտի կառուցենք նորը։ Շատ աշխատանքներ ունենք անելու, ապագան լուսավոր է»։
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Կապալառուն իրանական երկու կազմակերպություններից բաղկացած ընկերություն է, իսկ աշխատանքները մեկնարկել են այս տարվա սկզբից։