Գիտամանկավարժական աշխատանք՝ ԵՊՀ-ում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական, Բրյուսովի անվան օտար լեզուների և Գեղարվեստա-թատերական ինստիտուտներում։ Նա նաև բանաստեղծ էր, որի ստեղծագործությունները գնահատել է Մաքսիմ Գորկին, գրականագետ էր, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, խոսքը ՝ Տիգրան Հախումյանի մասին է, որի որդին՝ Սեմյոն Հախումյանը, երկար տարիներ եղել է Հայաստանի լուսավորության նախարարը և ընդդիմացել Ռուսաստանի կողմից դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի կրճատման որոշմանը։
Հախումյանների նախնիները Արցախի Շուշի քաղաքից էին, որոնք Հայաստանում բնակություն են հաստատել 1912 թվականից։
Տիգրանը, որը մինչ այդ սովորում էր Բաքվի ռեալական դպրոցում, Երևան գալուց հետո, մեկնում է Մոսկվա՝ սովորելու Լոմոնոսովի անվան համալսարանի իրավաբանական և պատմա-բանասիրական ֆակուլտետներում։
1920-ական թվականներին Թիֆլիսում հրատարակվող «Մշակ» և «Ժողովրդի ձայն» թերթերի խմբագիրն էր, Անտոն Չեխովի և Ալեքսանդր Գրիբոյեդովի կյանքին ու գործունեությանը վերաբերող գրքերի հեղինակն է։
Տիգրան Հախումյանը նաև բանաստեղծ էր, որին նկատել է ռուս գրականության դասական՝ Մաքսիմ Գորկին և ոչ միայն գնահատել նրա ստեղծագործական ձգտումները, այլև հորդորել՝ վերցնել կյանքից ամեն ինչ և վերադարձնել մարդկանց, քանի որ բանաստեղծը աշխարհի արձագանքն է։
Սեմյոն Հախումյանի գիտական աշխատանքները վերաբերում էին հայ-ռուսական գրական կապերին․ նա «Մաքսիմ Գորկին և Հայաստանը» գրքի համահեղինակներից է, մասնակցել է «Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարանի» կազմմանը։ Լուսավորության նախարար եղած տարիներին արժանի է հիշատակման նրա սկզբունքային կեցվածքը՝ դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի կրճատելու որոշման դեմ։
Ռուզաննան դաստիարակվեց պապի և հոր պատգամներով՝ լինել իր սկսած գործի նվիրյալը, մինչև վերջ գնալ ճշմարտության ետևից, պատվով կատարել մանկավարժի բարձր առաքելությունը։
Ռուզաննա Հախումյանը սիրում է իր աշակերտներին, գնահատում նրանց աշխատասիրությունը, խոստումը կատարելու պատրաստակամությունը։
Ռուզան Հախումյանը պարբերաբար թերթում է պապի և հոր գրառումներն ու նամակները՝ նոր բացահայտումներ է անում՝ ներդնելով դրանք իր մանկավարժական աշխատանքի պրակտիկայում, որն էլ ավելի հետաքրքիր է դարձնում մոտեցումները: