ԿարևորՄիջազգային

Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն կառավարության արդյունավետության բարելավման նորաստեղծ վարչությունը

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկը գործարար Վիվեկ Ռամասվամիի հետ միասին կգլխավորեն նորաստեղծ վարչությունը, որը կբարելավի կառավարության արդյունավետությունը և կպայքարի բյուրոկրատիայի դեմ։

Թրամփն ասել է, որ Մասկը և Ռամասվամին «ուղի կհարթեն վարչակազմի համար՝ ապամոնտաժելու կառավարական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կանոնակարգերը և անիմաստ ծախսերը, վերակառուցելու դաշնային գործակալությունները»:

Թրամփը նշել է, որ նոր գերատեսչությունը կիրականացնի հանրապետականների վաղեմի երազանքը և «խորհուրդներ կտրամադրի կառավարությունից դուրս», ազդարարելով, որ Մասկի և Ռամասվամիի դերը կլինի ոչ պաշտոնական՝ առանց Սենատի հաստատման պահանջի, ինչը Մասկին թույլ կտա մնալ Tesla, SpaceX ընկերությունների և սոցիալական մեդիա հարթակ X-ի ղեկավարը։

Թրամփի պլանների համաձայն՝ մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը, երբ կնշվի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի ընդունման 250-ամյակը, երկիրն այս գերատեսչությունից կստանա «մեծ նվեր»՝ «ավելի փոքր կառավարության տեսքով, որը կունենա ավելի մեծ արդյունավետություն»։

«Կառավարության արդյունավետության դեպարտամենտի բոլոր գործողությունները կհրապարակվեն առցանց՝ առավելագույն թափանցիկության համար», — ասել է Մասկը X-ում։
«Մենք նաև կունենանք վարկանիշային աղյուսակ ձեր հարկային դոլարների ամենահիմար ծախսերի համար: Դա կլինի և՛ չափազանց ողբերգական, և՛ չափազանց զվարճալի»,- հավելել է Մասկը:

Մասկը հոկտեմբերին Մեդիսոն Սքուեր Գարդենում Թրամփի հանրահավաքում ասել էր, որ դաշնային բյուջեն կարող է կրճատվել «առնվազն» 2 տրիլիոն դոլարով։
«Ձեր գումարները վատնում են, և կառավարության արդյունավետության վարչությունը պատրաստվում է դա շտկել»,- հայտարարել էր Մասկը հանրահավաքում:։

Կարդացեք նաև

Back to top button