ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ո՞վ կքննի քննիչների վարքը․ կառավարությունը որոշել է

ԱԺ-ի նիստերի դահլիճում ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վիճաբանությունից մեկ ամիս անց կառավարությունը անհետաձգելի է համարում այն օրինագծի քննարկումը, որով առաջարկում է քննչական մարմինների ղեկավարների ու տեղակալների բարեվարքությանն առնչվող դեպքերը դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննարկման առարկա։ Օրենսդրության գործող կարգավորումներով, օրինակ, ՔԿ-ի ղեկավարի բարեվարքությունը պիտի քննի կոմիտեի ենթակայությամբ գործող 8 հոգանոց կարգապահական հանձնաժողովը։ Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն ասում է՝ նման ընթացակարգը ոչ տրամաբանական է, ոչ էլ՝ օբյեկտիվ։

«Կարգապահական հանձնաժողովի կազմում են ՔԿ-ի նախագահի տեղակալներից մեկը՝ նախագահի որոշմամբ, ՔԿ-ի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 քննիչ և կառավարության նշանակած 4 ներկայացուցիչ։ Համանման կարգավորումներ կան նաև հակակոռուպցիոն մարմիններում։ Փաստացի ստացվում է հետևյալը․ մենք չենք կարող կարգապահական վարույթին վերաբերող մասերը կիրառել նաև ՔԿ-ի ղեկավարի և տեղակալների դեպքում, իրենք փաստացի դուրս են մնում այս կարգավումներից, որովհետև ինչպես հասկանալի է, չի կարող կարգապահական հանձնաժողովի կազմում ՔԿ-ի նախագահի տեղակալը քննել մյուս տեղակալին կամ նախագահին վերաբերելի կարգապահական վարույթներ»։

Որ տեղակալը չքննի ղեկավարի վարքը, արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հենց այս կառույցին վերապահել քննչական մարմինների ղեկավարների ու նրանց տեղակալների բարեվարքության քննության դեպքերը։ Փոփոխությունը, սակայն, չի վերաբերի գլխավոր դատախազին և նրա օգնականներին։

«Նախագծով առաջարկվող կարգավորմամբ առաջարկում ենք դուրս բերել բացառությունների շրջանակից քննչական մարմինների ղեկավարների և տեղակալների պաշտոն զբաղեցնող անձնանց, քանի որ ՔԿ-ի ու Հակակոռուպցիոն կոմիտեի և նրանց ղեկավարների համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հատուկ կարգավորումները, ստացվում է, բացակայում են»։

Ինչո՞ւ են օղակի մեջ վերցվել միայն ՔԿ-ի և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներն ու նրանց տեղակալները՝ հարցնում է պատգամավոր Լիլիթ Մինասյանը․

«Ինչպե՞ս են այս դեպքում կարգավորվելու գլխավոր դատախազի և դատախազի տեղակալների կարգապահական վարույթները»։

Նախարարությունն այս հարցի վերջնական պատասխանը դեռ չունի՝ ասում է Արմենուհի Հարությունյանը։ Գլխավոր դատախազը, ի տարբերություն իրավապահ մյուս մարմինների ղեկավարների, նշանակվում է ԱԺ-ի կողմից, ինչն այլ գործողություններ է ենթադրում․

«Պետք է ասեմ, որ իրավացիորեն ճիշտ եք, կան մի քանի խնդիրներ, որոնց այս պահի դրությամբ մտածում ենք, թե ինչպիսի լուծումներ տանք, որովհետև եթե քննչական մարմինների դեպքում կառավարության կամ վարչապետի կողմից լիազորություն վերապահելը լրիվ իրավաչափ է, ապա տույժի կիրառման առումով տարբերություններ պետք է լինեն, քանի որ գլխավոր դատախազին նշանակում է ԱԺ-ն։ Կարծում եմ՝ առաջինից մինչև երկրորդ ընթերցում, մենք գլխավոր դատախազի և նրա տեղակալների մասով լրամշակումներ անելու հնարավորությու ունենք»։ 

Թեպետ թեման արդիական է դարձել վերջերս, բայց նախաձեռնողներն ասում են, որ շուրջ մեկ տարի աշխատել են օրինագծի վրա։ Հարցին՝ ունա՞կ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր վրա վերցնել նախատեսված գործառույթները, փոխնախարարը պատասխանում է։

«Չեմ կարող ասել՝ ինչով  է պայմանավորված հանձնաժողովի կարողությունները կասկածի տակ դնելը, բայց կարծում եմ՝ բոլորիս պարտքն է մեր կարողությունները ի սպաս դնելու, եթե նման կարողությունների զարգացման անհրաժեշտություն ստեղծվի, հանձնաժողովը պետք է դիմի բոլորիս աջակցությանը։ Այս ընթացքում նման խնդիր չեմ տեսել»։

Չնայած օրինագիծը վերաբերում է իրավապահ համակարգին, պատգամավորները նկատում են՝ խորհրդարանը ևս ունի նման կարգավորումների կարիք․ որևէ կանոնագիրք կամ հանձնաժողով չկա, որը կզբաղվեր պատգամավորների բարեվարքության ուսումնասիրմամբ․

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան․«Ոչ կանոնագիրք ունենք, ոչ հանձնաժողով, և դրա մասին պետք է ավելի ակտիվացնենք քննարկումները։ Բոլորին կոչ եմ անում՝ առնվազն մինչև տարվա վերջ ամբողջացնել քննարկումների արդյունքները։ Միասնական մոտեցում է պետք՝  բոլոր պետական մարմինների նկատմամբ կիրառվող, որովհետև եթե այդ մեկ միասնական մոդելը չենք որդեգրելու, խնդիրը մնում է բաց»։

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ նախագիծն ուղարկեց խորհրդարան՝ լիագումար քննարկման։

Կարդացեք նաև

Back to top button