ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գլոբալիզացիայի չինական բանաձևը՝ ընդօրինակելի․ Երևանը հետաքրքրված է հայ-չինական հարաբերությունների զարգացմամբ

Երևանն ու Պեկինը կարող են սերտ համագործակցություն ծավալել բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ համոզված է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։ «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի ժամանակ նա խոսել է երկկողմ համագործակցության ու  զարգացման առավել մեծ ներուժ ունեցող ոլորտների մասին։ Համաժողովի մասնակիցները կարևորել են  չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը Հայաստանի մասնակցությունը՝ հիշեցնելով, որ այս հարցում վերջնական որոշումը կառավարությանն է։

Հայաստանի ու Չինաստանի միջև քաղաքական փոխվստահությունը, արդեն 32 տարի շարունակվող դիվանագիտական ամուր հարաբերությունները լավ  հիմք են երկու երկրների փոխըմբռնման ու փոխշահավետ համագործակցության  համար։  ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը կարծում է, որ մի շարք ոլորտներում այդ համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի։ Խոսքը, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին է։

 «Հայ- չինական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով։ Մենք գիտենք, որ Հայաստանը ներկայում շատ է կարևորում բարձր տեխնոլոգիաների զարգացումը, և Չինաստանն այդ առումով ունի առավելություններ։ Մենք նաև ուրախ ենք, որ Երևանի և Հայաստանի փողոցներում կարող ենք տեսնել Չինաստանից ներկրված էլեկտրամոբիլներ։ Կարծում եմ, որ հենց բարձր տեխնոլոգիաների ու կանաչ տնտեսության ոլորտներում կարող ենք սերտ համագործակցել»։

Տեսակապով համաժողովի մասնակիցներին միացած  Չինաստանում Հայաստանի դեսպան Վահե Գևորգյանը կարևորում է երկկողմ գիտական համագործակցությունը։ Ընդգծում է «մեկ գոտի և մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության կարևորությունը։

«Խոսելով հայ-չինական հարաբերությունների վրա Չինաստանի արդիականացման ազդեցության մասին, դժվար է գերագնահատել  «Գոտի և ճանապարհ» չինական նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորությունները: Նմանապես, Հայաստանի կողմից շրջանառված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն առաջ է քաշում փոխկապակցվածության ծրագրերին Հայաստանի մասնակցության մոտեցումները, որոնք ամբողջովին հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպես օրինակ պետությունների ինքնիշխանության, իրավահավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքները»։

Չինաստանի արդիականացումը տեղի ունեցավ հետպատերազմյան գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, բայց չինական բանաձևով։

«Այսօր Չինաստանը նույնպես հանդես է գալիս գլոբալիզացիայի ջակատագովի դիրքերից և առաջ է քաշել դրա սեփական բանաձևը՝ նոր դարաշրջանում միասնական ճակատագրի մարդկության թեզի տեսքով։ Այս տեսակետից կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք գիտական համայնքը համարում է, որ առաջանում են համաշխարհային զարգացման տարբեր մոդելներ՝ պայմանականորեն ասած արևմտյան և չինական մոդելներ, և ո՞րն է լինելու այդ մոդելների դերը նոր աշխարհաքաղաքի ձևավորման գործում»։ 

Արևելագետ Արաքս Փաշայանի դիտարկմամբ՝ կարևոր է հասկանալ, թե ինչ է առաջարկում Չինաստանն աշխարհին և, թե ինչպես կարող է Հայաստանը ներգրավվել չինական նախաձեռնություններում։

«Չինաստանը գերտերություններից մեկն է, և գլոբալ ուժային կենտրոն է, որը շոշափելի դերակատարություն ունի գլոբալ գործընթացների, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացների վրա։ Հայաստանի համար կարծում եմ՝ կենսական կարևորություն ունի Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը։ Չինաստանը առաջարկում է խաղաղ գոյակցություն, միջազգային համընդհանուր զարգացում և անվտանգ ու խաղաղ միջազգային անվտանգային համակարգ ձևավորել։ Այսինքն, Չինաստանը ստեղծել է աշխարհի զարգացման իր տեսլականը, որը մեծ իմաստով, եթե ավելի անկեղծ խոսենք, մարտահրավեր է գլոբալիզացիայի արևմտյան ընկալմանը և առհասարակ՝ արևմուտքին։ Եթե մի բառով ամփոփելու լինենք, այն ինչն առաջարկում է Չինաստանը փոփոխվող աշխարհին, ասում է՝ բոլորս մի նավակի մեջ ենք և բոլորս նույն ճակատագրի կրողներն ենք և պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք հաղթահարել խնդիրները։»

Քաղաքագետ Վարդան Աթոյանը հայ-չինական համաժողովը կարևոր նախաձեռնություն է համարում գիտական մակարդակում առաջնահերթություններն առանձնացնելու և դրանք գործադիրին ներկայացնելու առումով։ Չինաստանն այսօր աշխարհում վերածվել է մեծ գործարանի, որն աշխարհում առաջատար է բազմաթիվ ոլորտներում՝ արտադրությանից մինչև արտահանում։  

«Եթե Հայաստանը մասնակցի նշանակալի ձևաչափով այդ գլոբալ նախագծին, մենք էլ կարող ենք ունենալ, այդ ընդհանուր թխվածքի մի կտորը, որը Չինաստանը պատրաստել է: Այսինքն՝ այդ տարածման ուղիներով ստացվող եկամուտները, օրինակ նոր ենթակառուցվածքների ստեղծումը, մասնակից լինելով «Մեկ գոտի մեկ ճանապարհ» այդ նախագծին։ Այդ մեգանախագծին մասնակցությունը ենթադրելու է որոշակի ենթակառուցվածքների ստեղծում: Կան մի քանի ուղղություններ՝ ծովային և ցամաքային։ Եվ ուղղություններից մեկը կարող է անցնել Միջին Ասիայով կամ գալ Հարավային Կովկաս։ ԹԵ Հայաստանը որքանով կհաջողի մասնակից դառնալ, դա արդեն պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչները պետք է ասեն»։

Չինաստանում Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հու Պինի կարծիքով՝ համագործակցության բոլոր ուղղությունների հիմքում մշակութային կապերն են։  

«Կարծում եմ, որ շատ կարևոր է մշակույթը և դրա վրա է խարսխված հաղորդակցությունը հայերի ու չինացիների միջև։ Գուցե մարդիկ չգիտեն իրար, բայց եթե ծանոթ են միմյանց մշակույթին, կարող են հասկանալ իրար»։

Քաղաքագետ Վարդան Աթոյանի կարծիքով էլ՝ Չինաստանի վերջին տասնամյակի վերելքը պետք է ընդօրինակելի լինի Հայաստանի համար մի շարք մարտահրավերների դիմագրավելու տեսանկյունից։

Կարդացեք նաև

Back to top button