Աշխարհի ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներն են և այդ համատեքստում հնարավոր բանակցությունների մեկնարկի նախապատրաստությունը։ Ներկայիս իրավիճակը Խարկովի շրջանից մինչև միջազգային դիվանագիտական հարթակներ բազմակողմանի ազդեցություն է ունենում՝ ներառյալ Ուկրաինայի դիրքավորման հարցում սպասվող փոփոխությունները ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո։ Ապագա քաղաքական պայմանավորվածությունների վերաբերյալ փորձագիտական կարծիքները բազմաբնույթ են։ Բայց մի հարցում փորձագետները, կարծես, համակարծիք են՝ գալիք ամիսները վճռորոշ կլինեն Ուկրաինայի համար՝ ռազմական ուժերի դիրքերն ամրացնելու և արտաքին աջակցության հնարավոր նվազման ֆոնին։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում է անորոշ զարգացումներ ունենալ։ Խարկովի շրջանում բնակչության պարտադիր տարհանում է սկսվել, շարունակվում է ռուսական զորքերի հարձակումը։ Ներկայումս ռուսական բանակը հասել է Բորովայից մինչև Կուպյանսկ-Ուզլովոյ ճանապարհը, որը կարևորագույն լոգիստիկ ուղի է այդ տարածքում։ Տարհանումը մեծ մասշտաբներով ընթանում է նաև Կուպյանսկում՝ ընդգրկելով մոտ 6000 բնակիչ։
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը նոր դաշտ է բացում Ուկրաինայի համար։ Հնարավոր է՝ Թրամփի ընտրությունը բերի քաղաքական փոփոխությունների, որոնք կարող են վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։ Reuters գործակալության համաձայն՝ Թրամփի վերադարձը կարող է պատերազմի հարցում նոր մոտեցումներ բերել, քանի որ նախկին նախագահը խոստացել է պատերազմը ավարտել 24 ժամում՝ իր վերադարձից հետո։ Ուկրաինայում, սակայն, դա պատկերացնում են միայն այն դեպքում, երբ վերադարձնեն կորսված տարածքները։
«Ես այլ տարբերակ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր պատերազմը կասեցնել՝ այդ տարածքները Ուկրաինային վերադարձնելով, որովհետև Ռուսաստանը պաշտոնապես դրանք հռչակել է իր տարածք, հետևաբար, Ռուսաստանը պետք է արմատապես այլ լինի, որպեսզի մենք պատկերացնենք այլ տարբերակով հրադադար, երբ այդ տարածքներն արդեն չեն մնում Ռուսաստանին, այլ վերադարձվում են Ուկրաինային»։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը չի բացառում, որ պատերազմը դադարեցնելու Թրամփի հայտարարությունները զուտ նախընտրական քարոզչության մաս էին կազմում։ Բացի այդ, նա կարծում է, որ Թրամփի խոսքը ոչ թե ինչ-որ հանգուցալուծման, այլ միայն սառեցման տարբերակի կարող է վերաբերել.
«Որովհետև հանգուցալուծումը, այսինքն՝ որևէ լուծում տալ այդ խնդրին շատ ավելի մեծ ու շատ ավելի բարդ աշխատանք է, որովհետև ուկրաինական խնդիր ինքնին, որպես այդպիսին, չկա, կա ընդհանրապես աշխարհակարգի խնդիր, և Ուկրաինան, պարզապես, այդ խնդրի լուծման տաք, ակտիվ ռեգիոնն է։ Հիմա պատկերացնել, որ կարող է ինչ-որ հրադադար լինել Ռուսաստանի համաձայնությամբ, որ զորքերը հետ քաշվեն ինչ-որ տարածքներից, սա իսկապես շատ բարդ է »։
Ուկրաինական իշխանությունները փորձում են օգտագործել առաջիկա չորս-հինգ ամիսները՝ դաշտում դիրքերն ամրապնդելու և բանակցությունների նախապատրաստվելու համար, սակայն այս սպասումները բախվում են ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխման ռիսկերին։
Ըստ որոշ տեղեկությունների, Թրամփը վերջերս գաղտնի խոսակցություն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով հակամարտության դադարեցման տարբերակները։ Washington Post-ի տվյալներով՝ Թրամփը զանգահարել է Պուտինին և խորհուրդ տվել խուսափել հետագա էսկալացիայից՝ նշելով Եվրոպայում ԱՄՆ-ի ներկայության մասին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, հերքել է այս տեղեկությունները՝ դրանք անվանելով «հորինվածք»։
Նմանատիպ հանդիպումներ կազմակերպելու հարցում ակտիվ են նաև ուկրաինական և ամերիկյան կողմերը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, որը նա «գերազանց» է գնահատել։ Երկու առաջնորդների թիմերը սկսել են հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն իր հերթին նկատում է.
«Ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված Հանրապետական կուսակցության մեջ կան մարդիկ, որ կողմ են նրան, որ շարունակեն Ուկրաինային օգնել և կան նաև նրանք, ովքեր շատ ավելի կոշտ դեմ են և կարծում են, որ պետք է վերջ տալ այդ օգնությանը։ Այստեղ կարող է և համաձայնության չգան»։
Այս շրջանում Ուկրաինան նաև ակտիվորեն փորձում է հասկանալ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը և արդյո՞ք դրա միջոցով հնարավոր կլինի պահպանել միջազգային աջակցության ներկայիս մակարդակը։ Այս առումով ռազմական փորձագետը զարգացման երկու սցենար է տեսնում.
«Եթե Ուկրաինան տեսնի, որ իրեն ոչ մի աջակցություն այնտեղից չի գալիս ու եվրոպացիներն էլ չցուցաբերեն, որ իրենք պատրաստ են երկու-երեք անգամ ավելացնել իրենց օգնությունը, կարող է և համաձայնեն։ Բայց այդ պահին հնարավոր է լինի այնպես, որ, օրինակ, Ռուսաստանում մտածեն, որ եթե համաձայնում են, ուրեմն՝ թույլ են և կարելի է ավելի շատ ստանալ շարունակելով։ Այստեղ մենք գալիս ենք երկու սցենարի։ Մեկն այն է, որ Թրամփը շարունակում է անել նույնը, ինչ որ անում էր ներկա ադմինիստրացիան՝ շարունակում է աջակցել Ուկրաինային։ Երկրորդը՝ չի շարունակում աջակցել Ուկրաինային և այդ ժամանակ հնարավոր է Ուկրաինան ավելի ծանր պայմանների առջև կանգնի ինչ-որ պահի։ Բայց դա, ինձ թվում է, կլինի շատ ավելի ծանր՝ հենց Արևմուտքի համար պարտություն, եթե երկրորդ ճանապարհով իրենք գնան»։
Ուկրաինային Եվրոպայի անսասան աջակցությունն է վերահաստատել ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնից հեռացող Ժոզեպ Բորելը՝ Կիևում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ «Եվրոպան մեծ ջանքեր է գործադրում Ուկրաինային օգնելու համար, թեկուզև՝ չի տալիս այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,-ձևակերպել է Բորելը, որը դեկտեմբերի 1-ին թողնելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, սակայն, նկատում է, որ Եվրոպան ռուս-ուկրաինական պատերազմից երկրորդ ամենաշատը տուժած սուբյեկտն է, հետևաբար, հարց է առաջանում։
«Եվրոպան որքանո՞վ է ի վիճակի ստեղծել իսկապես սուբյեկտային, սուվերեն անվտանգության համակարգ։ Ես կասկածում եմ դրան»։
Նման պարագայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն են արտահայտել իրենց կարծիքը, որ ուկրաինական հակամարտությունը մոտ ապագայում կարող է ավարտվել։Դա, ըստ նրանց, նոր հնարավորություններ կստեղծի միջազգային հարաբերությունների վերակառուցման համար։ Սակայն Զելենսկին հայտարարել է, որ մարտադաշտում իրավիճակը կարող է թույլ տալ հակամարտությունը ավարտել մինչև 2025 թվականը։