«Լույս» վոկալ հնգյակը ստեղծվել է 2002 թվականին: Կազմն այսպիսին է. Սոֆյա Կոնջոյան, Շահանե Զալյան, Մարիամ Մայիլյան, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան, Մարինե Նազարյան։ Երգացանկում ընդգրկված են հայ միջնադարյան հոգևոր երգեր, հատվածներ Սուրբ Պատարագի երգեցողությունից, ժողովրդական երգերի`մասնավորապես կոմիտասյան մշակումներ:
Վոկալ հնգյակը հանդես է եկել Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Կանադայում, Ավստրիայում, մասնակցել փառատոների և մրցույթների: Ունի երկու ձայնասկավառակ՝ «Լույս աշխարհին» (2003թ., Գերմանիա) և «Դեպի լույս» (2004թ., Գերմանիա):
2013թ. Վենետիկում կայացած ««Venezia in Musica» International Choir Competition & Festival» 11-րդ փառատոն-մրցույթում «Լույս»-ն արժանացավ երկու Ոսկե դիպլոմի՝ «Հոգևոր երգ» և «Ժողովրդական երաժշտություն» անվանակարգերում: Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին մասնակցում էր առաջին անգամ, 17 երկրից մասնակցած 26 երգչախմբի հետ: Մինչև 50 հոգանոց կազմ ընդգրկող երգչախմբերի մեջ «Լույս» հնգյակը տպավորել էր իր ձայնային ներդաշնակությամբ, կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ երգերով, միջնադարյան հոգևոր աղոթքների երաժշտական ազդեցությամբ: Հասմիկ Բաղդասարյան- Դոլուխանյանի ներկայացմամբ՝ փառատոնին մշտապես մասնակցում են այն երկրները, որտեղ երգչախմբային արվեստն առաջնային է համարվում, իսկ մրցույթի հանձնաժողովում ընգրկվում են աշխարհահռչակ խմբավարներ, երաժշտության գիտակներ:
«Լույսի» արտերկրյա համերգների ունկնդիրը հիմնականում օտարերկրացիներն են: «Բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացել ենք, ունկնդիրը զարմացել է հայ երաժշտության խորությունից,- ասում է Սոֆյա Կոնջոյանը, — պատահում է, որ ոմանք ծանոթ են լինում նախապես, սակայն շատերն առաջին անգամ են լսում ոչ միայն մեր երաժշտությունը, այլև Հայաստանի մասին: Եվ զարմանում են, թե ինչու՞ մինչև օրս այն հայտնի չէ այնպես, ինչպես թույլ է տալիս իր էությունը: Ոմանք այդ ազդեցությամբ որոշում են այցելել Հայաստան»:
2012թ. «Լույս» հնգյակը որպես հատուկ հյուր մասնակցել է գերմանական «International A Cappella Contest Leipzig» փառատոնին: Աշխարհի տարբեր երկրներից ընդգրկված երաժշտախմբերի և երգիչների մեջ կային այնպիսի հայտնի անուններ, ինչպես Բոբի Մըքֆերինը, գերմանական շատ հայտնի «Amarcord» կվինտետը և այլք: Աղջիկները, որպես հատուկ հրավիրյալ խումբ, երգեցին գալա համերգին աշխարհահռչակ «Գևանդհաուզի» մեծ համերգասրահում:
«Մեզ համար հսկայական պատիվ էր այդ մեծանուն բեմը, այդ նախագիծն ու հանդիսատեսին մեր կյանքում ունենալը, — ասում է Մարիամ Մայիլյանը: — Եվ երբ տեսնում ես, որ քո ժողովրդի երաժշտությամբ այդպես հուզել, տպավորել ես այդ անծանոթ մարդկանց, հասկանում ես, որ երջանիկ ես քո այս հնարավորությամբ: Դա մեծագույն պարգև է»:
Ավստրալիայում իրականացվող համերգը մի փոքր այլ էր: «Հրավերը ստացանք հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի կողմից և անմիջական նախաձեռնությամբ, — ասում է Հ. Բաղդասարյան- Դոլուխանը: — Գլխավոր համերգը կայացել էր Սիդնեյում, սակայն մինչ այդ ևս երկու մեծ համերգ էինք ունեցել Մելբուռն քաղաքում և Սիդնեյի եկեղեցիներից մեկում: Բացի այդ, կազմակերպվել էին հանդիպում-վարպետության դասեր տեղի երգչախմբերի հետ:
«Լույս»-ը գրեթե ամեն օր երգում է Գեղարդում: Համագործակցում էր «Նաղաշ» անսամբլի հետ՝ մեկնելով հյուրախաղերի Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա: «Նաղաշը» սկսվեց ու շարունակվեց «Լույսով», բայց հետո նոր գործերի ու մատուցման պահանջով որոշակի փոփոխություն ունեցավ կազմում:
Աղջիկներից ամեն մեկը, վոկալ հնգյակից բացի, անհատական գործունեություն ունի՝ տարբեր ծրագրերի և երգչախմբերի հետ համագործակցություն, երգարվեստի դասավանդում և այլն:
«Մենք երգում ենք, դա մեր մասնագիտությունն է, մեր կոչումը, մեր ունեցածը… մենք դա ենք կարողանում անել, և պետք է ամեն մեկս խորանա իր գործն ավելի ու ավելի լավ անելու ուղղությամբ: Իսկ այս ճանապարհին մեր ամենամեծ աջակիցն ու հենարանը հայ երաժշտությունն է՝ ժողովրդական երգի, միջնադարյան հոգևոր շարականների ողջ հմայքով ու իմաստությամբ»: