Ավարտվել են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները։ Զեկույցը պատրաստ է, հանրությունը կկարողանա ծանոթանալ դրա միայն որոշ հատվածների։ Գրեթե 3 տարվա աշխատանքի արդյունքի՝ պարտության պատճառների, պատերազմից խուսափելու հնարավորության և մեղավորների մասին հանձնաժողովի անդամները դեռ չեն խոսում։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքը, եզրակացությունը պատրաստ է` լրագրողներին ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Վերջին 2-3 օրվա ընթացքում տեսնում եմ վերլուծություններ, շահարկումներ, որ Անդրանիկ Քոչարյանը ինչ–որ գաղտնի թղթեր ունի։ Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է ԱԺ-ի կողմից, և այդ հանձնաժողովի կատարած աշխատանքը ԱԺ և պետության սեփականությունն է, զեկույցը ներկայացնելուց հետո ինքը կծառայի մեր երկրի անվտանգությանը»։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ զեկույցը «հատորներով, շատ էջերով հսկայական աշխատանք է»։ Արդյո՞ք հանրությունը կկարողանա ծանոթանալ զեկույցի բովանդակությանը հարցին Քոչարյանը պատասխանում է՝ մասամբ, ամբողջական զեկույցը հասանելի կլինի միայն հատուկ թույլտվություն ունեցող մարդկանց։ Սակայն հիշեցնում է՝ մարդիկ պահանջում էին նաև 16 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ Քննիչ հանձնաժողովի զեկույցը, սակայն դրան հասանելիություն ունեցող մարդկանցից շատերն անգամ չեն կարդացել այն․
«Զեկույցը գտնվում է առաջին բաժնում, ով կունենա թույլտվություն, կմոտենա, կծանոթանա, բայց ի զարմանս ինձ, երբ շատ էր թմբկահարվում՝ զեկույցը ինչի է գաղտնի, թույլտվություն ունենցողներից շատ շատերը չեն գնացել ԱԺ-ի առաջին բաժին ՝ կարդան, լսեն, ուսումնասիրեն։ Ընդդիմությունից մի քանի հոգի գնացել է»։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022-ի փետրվարին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Կազմում ընդգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։
11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։ Ընդդիմությունը հանձնաժողովի աշխատանքը բոյկոտել էր ի սկզբանե, համարելով, որ պատերազմի շրջանում երկիրը ղեկավարած անձինք չեն կարող օբյեկտիվ քննություն իրականացնել։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց՝ զեկույցն իրենց հասանելի է լինելու, կծանոթանան հրապարակվելուց հետո․
«Այս պահին որևէ բովանդակային մեկնաբանություն չեմ կարող տալ։ Կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովները կարող են արդյունավետ լինել այն ժամանակ, երբ չեն իրականացվում այն իշխանության կողմից, որոնք պատասխանատու են տվյալ իրավիճակի ստեղծման համար։ Քննիչ հանձնաժողովի այդ զեկույցի հրապարակումից հետո էլ ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու ոչ միայն բուն զեկույցին, այլ նաև, այսպես կոչված, հում նյութին, որը առկա է եղել, հավաքագրվել է կամ ներկայացվել է տարբեր հարցազրույցների միջոցով»։
Գործունեության 2 տարի և 10 ամիսների ընթացքում հանձնաժողովը զրույցներ է ունեցել ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկի պետ Օնիկ Գասպարյանի ու ներկա պետ Էդվարդ Ասրյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Վերջինս, օրինակ, պատասխանել է ոչ միայն 44-օրյա պատերազմին, այլև սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած իրադարձություններին, դրանց հաջորդած զարգացումներին վերաբերող հարցերին:
Սամվել Շահրամանյանի հետ զրույցի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ Ինձ համար բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում որևէ մեկը իրավասու չէր ստանալու։
Քոչարյանը պատասխանել է նաև «ինչո՞ւ պարտվեցինք» հարցին։
«Մեկօրյա չեն, մեկ տարվա չեն, դրանք գալիս են հեռվից, երբ մենք մեր անտարբերության, ինքնավստահության ավելորդ չափաբաժնի պատճառով, տարածաշրջանի ամենամարտունակ բանակի դրոշը կառուցելով և դրա տակ մտնելով և ոչինչ չանելով, կոռուպցիային հնարավորություն տալով, որպեսզի արմատավորվի մեր զինված ուժերում։ Այդ խնդիրները պետք է չլինեին, որպեսզի մենք մտածեինք՝ եթե պարտություն լիներ, ապա պարտության մեջ մեղադրեինք ընդամենը մեր կարողություներին, բայց պարտության մեջ նաև մեծ նշանակություն է ունեցել մարդկային գործոնը, անտարբերությունը և կառավարման այդպիսի անտարբեր իրավիճակը»։
Անդրանիկ Քոչարյանը նաև հայտարարել է՝ ամենակարևոր բացահայտումներից մեկն այն է, որ նախապատերազմական շրջանում կանխատեսումները եղել են շատ ինտուիտիվ և ոչ թե հիմնված համապատասխան կառույցների վերլուծությունների հիման վրա։
Կտրամադրվի՞ արդյոք հանրությանն ավելի դետալային տեղեկություն 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։ Զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ: