Հասարակություն

Շահագործման հանձնվեց երիտասարդ ընտանիքների համար նախատեսված շենքը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման արարողությանը։

Հանրապետության ղեկավարը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակության պայմաններին։

Նշված բնակարանաշինական ծրագրի շրջանակում բնակարան ձեռքբերելու հնարավորություն են ստացել թվով 338 շահառուներ՝ 98 լրագրողներ, 112 բժիշկներ, 115 մանկավարժներ և 13 մարզիկներ: Բնակարանները շուկայականից զգալի ցածր գներով տրամադրվել են վերոհիշյալ թիրախային խմբերի երիտասարդ մասնագետներին:

Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում 2012թ. մեկնարկած շենքային այս համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է 48131քմ: Համալիրի հարակից տարածքը՝ շուրջ 11700 քմ. ընդհանուր մակերեսով, ամբողջությամբ բարեկարգվել է, կառուցվել են նոր կոմունիկացիոն համակարգեր, իրականացվել են կանաչապատման աշխատանքներ:

Շրջայցի ընթացքում ծրագրի պատասխանատուները նախագահին ներկայացրել են նաև տարածքում նախատեսված առաջիկա անելիքները: Նշվել է, որ աշնանը կմեկնարկեն շենքերի հարակից տարածքում քաղաքային պուրակի ձևավորման և ծառատնկման աշխատանքները, որտեղ կկառուցվեն նաև մանկական խաղահրապարակներ և ծառուղիներ:

Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5.864.923.000 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է ավելի քան 900 աշխատատեղ։

Back to top button