«Հովհ․ Շարամբյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի առաքելությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումն է, բայց որքան կարևոր է հինը պահպանել ու ճանաչելի դարձնել, նույնքան էլ կարևոր է նոր ու ժամանակակից նախագծեր ներգրավել, որոնք առնչվում են ժառանգությանը», – ասում է թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը։
«Թելադրություն» նախագիծը Ժողովրդական արվեստի թանգարանի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համագործակցության արդյունքն է։
«Փորձում ենք հնի և նորի ներդաշնակությունը պահել։ Այս կոնցեպտը ներդաշնակվում է թանգարանին։ Երբ կինը անցյալում գորգ է գործել գործել է իր պատմությունն ու իր միջավայրը։ Դա մի պրոցես է, որտեղ խորհել է իր կյանքի մասին», – ասում է Լուսինե Թորոյանը՝ հավելելով, որ այլ մշակույթներն ու փիլիսոփայությունները ճիշտ ընկալելու համար առաջին հերթին պետք է ճանաչել սեփական մշակույթը, լինել դրա կրողը հետո՝ բաց լինել աշխարհի ու նոր գաղափարների առաջ։
«Թելադրություն» նախագծի համահեղինակ, արվեստագետ Մարգարիտա Աստվածատրյանը պատմում է, որ նախագծի կոնցեպտի հիմքում վերնագիրն է՝ «թել» ու «դրություն» բառերը։ «Մտահղացումը՝ թելերով ստեղծել մի տարածություն, որտեղ մարմինը «կթելադրվի»՝ կշարժվի իրեն անսովոր իրավիճակներում ու պայմաններում։ Ո՞վ եմ ես, ինչպե՞ս է իմ մարմինը շարժվում, որտեղի՞ց են գալիս իմ սովորությունները, ինչո՞ւ ենք մենք այնպիսին, ինչպիսին կանք հիմա․ «Թելադրությունն» օգնում է մասնակցին մտածել այս հարցերի շուրջ»․– մեկնաբանում է Մարգարիտա Աստվածատրյանը։
Ինստալացիան թույլ է տալիս, որ դիտողը նախագծի անմիջական մասնակիցը լինի՝ հաղթահարելով թելերով ստեղծված լաբիրինթոսը, հպվելով մետաղական սիմվոլներին, ուսումնասիրելով ձայնը և տարածությունը՝ ոչ միայն առնչվի արվեստին, այլ ընտրության հնարավորություն ունենա՝ դուրս գալ լաբիրինթոսից, թե մնալ շրջապտույտի մեջ։ Մասնակիցն ինքն է որոշում ինչ ճանապարրհով գնալ։
«Թանգարանը պետք է կենդանի վայր լինի, որտեղ մարդը կստանա տարբեր հույզեր ու զգացողություններ։ Մենք երազում ենք որ թանգարանը լինի մի հարթակ, որտեղ մարդը հետաքրքիր փորձառություններ կունենա»,– ասում է Լուսինե Թորոյանը։
«Թելադրություն» ինստալացիան Ժողովրդական արվեստի թանգարանում կշարունակվի մինչև դեկտեմբերի 1-ը։