ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Երևանի կողմից կատարված, Բաքվի ու Մոսկվայի կողմից՝ խախտված․ 2020-ի նոյեմբերի 9-ից 4 տարի անց

Չորս տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությամբ ավարտվեց 2020թ․ 44-օրյա պատերազմը: Փաստաթղթի դրույթների մեծ մասը կորցրեց ակտուալությունը 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ իրականացրեց Արցախի դեմ՝ բռնի տեղահանման ենթարկելով այնտեղ ապրող ժողովրդին ու հայաթափելով Արցախը, իսկ արցախահայության անվտանգությունն ապահովելու կոչված ռուսական խաղաղապահ զորակազմը լքեց Լեռնային Ղարաբաղը: Այդուհանդերձ, տարածաշրջանային հաղորդակցության ուղիներին և գերիներին վերաբերող կետերը շարունակում են բանակցությունների առարկա մնալ:

Արցախյան երրորդ պատերազմի ավարտից 4 տարի անց զոհված զինծառայողների հարազատները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Չորս տարի առաջ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությամբ դադար տրվեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված և 44 օր տևած պատերազմին։ 9 կետանոց փաստաթուղթի առաջին դրույթով սահմանվում էր, որ նոյեմբերի 10-ին, մոսկովյան ժամանակով ուղիղ կեսգիշերին հակամարտության գոտում պետք է հաստատվի ամբողջական հրադադար և ավարտվեն բոլոր ռազմական գործողությունները, իսկ կողմերը պետք է կանգ առնեն այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում են։

Կետերից երեքն ամրագրում էին Աղդամի, Լաչինի, Քելբաջարի շրջաները Ադրբեջանին վերադարձնելու պայմաններն ու ժամանակացույցը։ 

Դրանք հայկական կողմը կատարել է անխախտ։ Մինչդեռ Բաքվին ու Մոսկվային առնչվող գործողություններից որևէ մեկը լիարժեք չի կատարվել։

Հայտարարության 4-րդ կետով ամրագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է տեղակայվի 5-ամյա ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս 5 տարով։ Իրավիճակը ժամկետի երկարաձգմանը չհասավ․ 5 տարին չլրացած՝ ռուս խաղաղապահները լքեցին Արցախը։

Փաստաթղթի 7-րդ կետով փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնային Արցախ և հարակից շրջաններ․ սա ոչ միայն տեղի չի ունեցել, այլև Արցախը ենթարկվել է էթնիկ զտման և ամբողջությամբ հայաթափվել:

8-րդ կետի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Հայկական կողմն Ադրբեջանին հանձնել է բոլոր ռազմագերիներին, սակայն մինչ օրս Բաքվում են պահվում 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձինք, իսկ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո գերեվարվել են Արցախի նախկին երեք նախագահները, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և այլք:

Նոյմեբերի 9-ի համաձայնագրի գրեթե բոլոր կետերը խախտած Բաքուն ու Մոսկվան, սակայն, այսօր ակտիվորեն խոսում են փաստաթղթի 9-րդ դրույթի մասին, որը վերաբերում է տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։

Հայաստանը, ըստ հայտարարության տեքստի, պետք է երաշխավորեր տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնեին ՌԴ Սահմանապահ ծառայության մարմինները:

Պաշտոնական Բաքուն այս դրույթն այլ կերպ է մեկնաբանում՝ շրջանառելով «Զանգեզուրի միջանցք» կապակցությունը և ակնկալելով սուվերեն միջանցք Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջևան: Հայաստանի վարչապետը բազմիցս պարզաբանել է՝ Հայաստանը դեմ է միջանցքային տրամաբանությանը, կողմ՝տարածաշրջանի տրանստորտային կապուղիների ապաշրջափակմանը։

«Մենք ասում ենք, որ պատրաստ ենք տրամադրել այդ կապը: Ադրբեջանն ասում է լավ, եթե Հայաստանը մեր պայմաններով չի ուզում կապ տրամադրել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ուրեմն մենք այդ կապի համար կօգտվենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից: Այս խոսույթը ինքնին նշանակում է, որ իրենց համար Նախիջևանի տարածքով Ադրբեջանի մնացած մասի կապի պայմաններն ընդունելի են: Հետևաբար, մենք էլ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճշգրիտ նույն պայմաններով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը: Ավելին, մենք ասում ենք, որ այս կապի համար պատրաստ ենք իրականացնել որոշակի պարզեցումներ անցման և հսկողությունների պարզեցումներ՝ երկրների փոխադարձության, հավասարության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ դրույթին Եռաբլուրում անդրադարձել  է նաև Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Հիմա ունենք մի իրավիճակ, որ  Հայաստանի և Ադրբեջանի կողմից, չի խոսվում եռակողմ հայտարարության մնացած դրույթների մասին, բայց Ադրբեջանի կողմից և ռուսական կողմից խոսվում է հատկապես 9-րդ կետի վերաբերյալ, որը իրականում հիմնարար հարցերից մեկն է։ Բայց այդ փաստաթուղթը պետք է դիտարկել ամբողջությամբ։ Եթե որևէ դրույթի մասին խոսք է գնում, ապա ամբողջ փաստաթղթի բոլոր դրույթները պետք է կատարվեն ու հարգվեն»։

Եռակողմ հայտարարության որևէ դրույթ  Բաքվի ու Մոսկվայի կողմից չի կատարվել՝ արձանագրում է Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանը ընդհանրապես իր պարտավորությունները չի կատարել եռակողմ հայտարարության, որի հետևանքով ունենք այն, որ ես ու բոլոր արցախցիները այստեղ ենք՝ Եռաբլուր ենք այցելում մեր զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար»։

Խաղաղություն տարածաշրջանում չի կարող լինել առանց հակամարտության հիմնական հարցերը հասցեագրելու և լուծելու՝ կարծում է Բեգլարյանը։ Նրա համոզմամբ՝ Արցախի ժողովրդի անվտանգության, իրավունքների ու կարգավիճակի հարցի անտեսման դեպքում խաղաղության բանակցությունները լիարժեք չեն։

Կարդացեք նաև

Back to top button