ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը մանդատ է ստացել, ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ամերիկահայ ընտրողների աննախադեպ ազդեցությունն այս ընտրական փուլի վրա, որը հանձնախմբի մեկ տարի տևած քարոզարշավի արդյունքն է։
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խելացի վարվեց այս ընտրություններում»,- բացատրում է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նոյեմբերի 5-ին համապետական ընտրատեղամասերի փակումից հետո հրապարակված տեսանյութում:
«Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները: Խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել»,-հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ թեկնածուներին ընտրելիս կազմակերպությունը հաշվի է առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները։
Հանձնախումբը նշում է, որ աջակցել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի 84 թեկնածուների, որոնք ընտրվել են Ամերիկայի 20 նահանգներից։