ԿարևորՄիջազգային

Շառլ Միշելը դատապարտել է Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների վրա հարձակումները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դատապարտել է Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների վրա հարձակումները:

«Բռնության և ատելության նման գործողությունները պետք է անվերապահորեն մերժվեն ցանկացած հասարակության մեջ։ Հակասեմականության և ատելության ցանկացած դրսևորման դեմ պայքարի մեր հանձնառությունը մնում է անսասան։ ԵՄ-ն շարունակելու է իր նպատակաուղղված ջանքերը՝ խրախուսելու հանդուրժողականությունը, ապահովելու հարգանքը և պաշտպանելու բոլոր մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը»,- գրել է Միշելը X-ի իր էջում։

Ուրբաթ երեկոյան Ամստերդամում հարձակման են ենթարկվել իսրայելական «Մաքաբի» ֆուտբոլային ակումբի երկրպագուները՝ Եվրոպայի լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրում կայացած «Այաքսի» հետ խաղից հետո։

The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ 10 մարդ վիրավորվել է, ևս 3-ը անհետ կորել են։ Հարձակումներին առնչություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 57 մարդ։

Times of Israel-ը հայտնում է, որ հարձակվողները դիմակներ են կրել և պաղեստինամետ կարգախոսներ են բղավել։ Կազմակերպված խմբերը հարձակումներ են իրականացրել քաղաքի տարբեր հատվածներում։

Հարյուրավոր մարդիկ վախեցել են դուրս գալ հյուրանոցի իրենց համարներից՝ օդանավակայան հասնելու համար։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է ինքնաթիռներ ուղարկել Ամստերդամ՝ իսրայելցիներին տարհանելու համար։

CNN-ի փոխանցմամբ՝ Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆն ասել է, որ կապի մեջ է Նեթանյահուի հետ՝ կապված «իսրայելցիների վրա բացարձակապես անընդունելի հակասեմիտական ​​հարձակումների հետ»։

Ամստերդամի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները քաղաքի կենտրոնում՝ բախումների պատճառով։ Միջադեպ է գրանցվել Պաղեստինի դրոշը պոկելու հետ կապված:

Նիդեռլանդների ոստիկանությունը հայտարարել է, որ հանցագործները «ակտիվորեն փնտրել են իսրայելցի կողմնակիցներին՝ նրանց վրա հարձակվելու համար» և հաստատել է 62 մարդու կալանավորումը։ 5 մարդ հոսպիտալացվել է, իսկ 20-30 այլ անձինք թեթև վնասվածքներ են ստացել։

Կարդացեք նաև

Back to top button