ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Բաքուն վախենում է արցախահայության վերադարձից․ France-24-ի անդրադարձը ԼՂ հայաթափմանը

France-24 պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Արցախում 2023թ էթնիկ զտումներից հետո առկա վիճակին ու արբանյակային տեսանկարահանումների ու լուսանկարների միջոցով ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանը ջնջում Լեռնային Ղարաբաղում հայկական հնագույն ներկայության հետքերը։

Ընդամենը մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը Ստեփանակերտ մայրաքաղաքը վերանվանեց Խանքենդի ու փորձում է ջնջել հայկական հետքը ԼՂ-ից՝ գրում է ֆրանսիական պարբերականը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց և 48 ժամվա ընթացքում էթնիկ զտում իրականացրեց։ 100.000 հայեր լքեցին այն տարածաշրջանը, որը դարեր շարունակ իրենց տուն են համարել՝ գրում է ֆրանսիական France-24 պարբերկանը։

France-24-ը լուսանկարներ է հրապարակել, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է քանդվում և հողին հավասարեցվում Արցախի խորհրդարանը։ Լուսանկարներին կից գրառումը հուշում է, որ այն Վերածննդի հրապարակում էր գտնվում։ Ավերվել են հրապարակի այլ շենքեր ևս։ Օրինակ՝ Արցախի ազատամարտիկների միության շենքը, որը գտնվում էր հենց խորհրդարանի շենքին կից։ FranceInfo’s Révélateurs թիմի իրականացրած հետաքննության համաձայն՝ խորհրդարանի նախկին շենքը կփոխարինվի հյուրանոցով և կոնֆերանս կենտրոնով։

Այս տարվա սեպտեմբերին արված արբանյակային լուսանկարներից երևում է, որ Ստեփանակերտում ամբողջական թաղամասեր են քանդվել։

 France24-ը մեջբերում է նաև Ստեփանակերտի բնակիչ Նոնա Պողոսյանի գրառումը, որով նա ասում է, որ Ադրբեջանը ցանկանում է արցախահայերին զրկել վերադառնալու հույսից։

«Ալիևի հրահանգով ոչնչացվում է հայկական ճարտարապետությունը։ Կարծում եմ՝ դա անելով նրանք միայն մեկ նպատակ ունեին՝ մեզ զրկել վերադառնալու հույսից»։

Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանի կարծիքով Ադրբեջանի նախագահը վախենում է արցախահայերի վերադարձի հնարավորությունից և այդ պատճառով է կանխարգելիչ քայլեր ձեռնարկում՝ ոչնչացնելով հայկական հուշարձանները։

«Իհարկե, Ադրբեջանը գիտի, որ վերադարձի իրավունքը, որպես միջազգային իրավունքի մաս, գոյություն ունի։ Դա իրավաքաղաքական լավ հիմնավորված իրավունք է միջազգային հարաբերություններում։ Գիտի նաև, որ իր համար նպաստավոր միջազգային շրջափուլի ավարտը կարծես մոտենում է, և եթե մոտենում է, ապա երաշխավորված չէ Ադրբեջանը, որ իր շուրջ ստեղծված միջազգային քիչ թե շատ նպաստավոր միջավայրը վերանալու է և արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման հարցը ավելի լուրջ հիմքերի վրա է դրվելու։ Դրա համար, այո, կարծում եմ, որ ադրբեջանական կողմի մոտ կա նման մտավախություն, դրա համար շարունակում է ցեղասպանական գործողությունները արդեն մշակութային ցեղասպանության ոլորտում, ինչը արցախահայերի մոտ կկոտրի սեփական հայրենիք վերադառնալու ցանկությունը։ Ադրբեջանում ամեն դեպքում, ես լիահույս եմ, կարծում եմ, որ վերադարձի իրավունքի իրացման խնդրից վախենում են, եթե ոչ հիմա, ապա կարճաժամկետ կամ երկարաժամկետ ժամանակահատվածում»։

France 24-ը գրում է նաև, որ ԼՂ-ում ոչնչացվում են կրոնական խորհրդանիշները։ Ներկայացվում են նկարներ, թե ինչպես է ոչնչացվում հայկական խաչը, ինչը զայրույթ է առաջացրել Հայաստանում, գրում է պարբերականը․

«Էթնիկ հայերի մեծ մասը քրիստոնյա է, իսկ էթնիկ ադրբեջանցիների մեծ մասը՝ մահմեդական: Այնուամենայնիվ, կրոնն իրականում այս հակամարտության մեջ առանցքային կարևորություն չունի»,-ասում է Կովկասի տարածաշրջանի մասնագետ և Փարիզի Հասարակական գիտությունների առաջադեմ ուսումնասիրությունների դպրոցի և Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի հետազոտող Էլոդի Գավրիլոֆը։

«Թեև այս հակամարտությունը կրոնական հարթություն ունի, այդ հարցը երկրորդական է: Եթե ​​ադրբեջանցիները քանդում են հայկական եկեղեցիները, դա այն պատճառով է, որ եկեղեցիները հայկական են, ոչ թե քրիստոնեական: Կարծում եմ, որ Արևմուտքը ներմուծել է այս գաղափարը, որ դա կրոնական հակամարտություն է, հատկապես ծայրահեղ աջերը»։

Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը հիշեցնում է, որ ԵՄ-ն, հասկանալով Բաքվի հեռահար նպատակները, վերջերս ևս մի բանաձև ընդունեց․

«Այո, խնդիրը, իսկապես, հայկականության վերացումն է։ Եվ այն տեղերը, որտեղ չեն վերացնում, փորձում են նենգափոխել հայկական հուշարձանները։ Եվ պատահական չէ, որ ԵԽ հոկտեմբերի 24-ի իր բանաձևում Ադրբեջանին նաև կոչ արեց ձեռնպահ մնալ հուշարձանների այսպես կոչված ալբանացումից։ Այսինքն, բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ ԵՄ օրենսդիր իշխանության մակարդակով այսպիսի բան է անում»։

Էլոդի Գավրիլոֆը համոզված է, որ Ադրբեջանի կառավարությունը ադրբեջանցիների վերաբնակեցման քաղաքականության կենտրոնում շրջակա միջավայրի պահպանության հարցը դրել է ռազմավարական նպատակներով։

Ալիևը փորձում է ցույց տալ, որ ԼՂ ադբեջանցիներով բնակեցնելու հիմնական պատճառը շրջակա միջավայրի պահպանումն է։ Ըստ  Էլոդի Գավրիլոֆի, այս հիմնավորումը ոչ ոք չի կարող վիճարկել, քանի որ այն որպես մոլորակի փրկությանն ուղղված քայլ է ներկայացվում։

Հետազոզտողը պատահական չի համարում, որ մինչ էթնիկ զտումները, դեռևս 2023 թվականի ապրիլին Ադրբեջանի կառավարությունը բնապահպան ակտիվիստների միջոցով փակեց Լաչինի միջանցքը։

Նա հիշեցնում է, որ ակտիվիստները պնդում էին, որ հայերը լավ չեն վերաբերվում շրջակա միջավայրին․ «Ադրբեջանի կառավարությունն այժմ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ արևային մարտկոցներ է տեղադրում, փորձելով Ղարաբաղը դարձնել Ադրբեջանի ամենականաչ շրջանը, այդպիսով քողարկելով ռազմական հանցագործությունները»,- գրում է հետազոտողը։

Արտերկրի հայկական մի շարք կազմակերպություններ ու միջազգային կառույցներ փորձում են բոյկոտել COP-29-ը Բաքվում անցկացնելու որոշումը։

Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանն ասում է, որ France-24-ի հրապարակումն օգնում է Բաքվի իրական դեմքը ցույց տալ միջազգային հանրությանը․ «Ադրբեջանը փորձ է անելու՝ քողարկել մարդու իրավունքների խնդիրներն ու պրոբլեմները, որnնք ունի իր երկրում, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, ըստ էության, չի կարողանում իր առջև դրած նպատակին հասնել, և COP-29-ին ընդառաջ միջազգային այդպիսի լայն արձագանքը ըստ էության փոխում է Բաքվի պլանները»։

Թե ինչ կարծիք կձևավորվի միջազգային հանրության մոտ COP-29-ից հետո, պարզ կդառնա մի քանի օրից։

Կարդացեք նաև

Back to top button