Սփյուռքի ձայնը

«Հաբ Արցախ»-ը վերսկսում է «աջակցման գիծ արցախցիների համար» ծրագիրը. «Սփյուռքի ձայնը»

2023 թվականի հոկտեմբերին «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» աջակցությամբ բլոկադայի դժվար օրերին արցախցի աղջիկների հիմնած «Հաբ Արցախ»-ը տեղահանումից և ՀՀ-ում վերաբնակեցումից հետո իրականացրեց «աջակցման գիծ» պիլոտային ծրագիրը` տեղահանված արցախցիներին հայաստանյան կյանքին արագ ինտեգրվելու համար: ՀՀ-ում վերաբնակեցված արցախցու և սատարող կառույցների միջև կապի ստեղծման համար «Հաբ Արցախ»-ը գտավ լավագույն ճանապարհը` իրազեկումը: Ո՞ւր գնալ, ու՞մ դիմել, ինչպե՞ս դիմել պետական կառավարման մարմիններին` աշխատանք, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն ստանալու, ուսումնական հաստատություններ ու բնակարան գտնելու ժամանակ: Ծրագրի 9-ամսյա գործունեության հաջող ավարտից հետո «Հաբ Արցախ»-ն իրականացրեց սոցիոլոգիական հարցում և պարզվեց, որ արցախցիների խնդիրն այսօր ևս շարունակում է մնալ իրազեկվածության պակասը։

Արցախցիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով «Հաբ Արցախ»-ը վերսկսում է «աջակցման գիծ արցախցիների համար» ծրագիրը, որն ոարդեն մի շարք հաջողություններ է գրանցել. այն բարելավել է արցախցիների քաղաքացիական իրազեկվածությունը, բարձրացրել է Երևանում և մոտակա մարզերում բնակվող արցախցիների զբաղվածության մակարդակը, դիմորդներին տվել է հոգեբանական ավելի կայուն վիճակ, զարգացրել է ինքնուրույն աշխատանք գտնելու հմտությունները և օգնել արցախցիներին ավելի արագ ինտեգրվել նոր համայնքներում:

Ծրագրի կազմակերպիչները համոզված են, որ ևս մեկ տարվա գործունեության շնորհիվ, արցախցիները կշարունակեն հեշտությամբ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները` կապեր ստեղծելով անհատների և սատարող կառույցների հետ:

«Հաբ Արցախը» կապող օղակ է դարձել ոչ միայն Սփյուռքի, այլև բոլոր նրանց համար, ովքեր ուզում են օգնել արցախցիներին կրթական, ֆինանսական և այլ հարցերում։ Այս ծրագրի հիմնումն ու գործարկումը  հենց դրան է ուղղված», — ասում է «Հաբ Արցախ»-ի ներկայացուցիչներից արցախցի Էմմա Պետրոսյանը:

«Հաբ Արցախ»-ի մյուս արցախցի ներկայացուցիչը` Գայանե Սարգսյանը հավելում է․ «Հենց սկզբից Սփյուռքը մեր կողքին է եղել` կազմակերպության գործադիր տնօրենի` լիբանանահայ Շուշանիկի ներկայությամբ։ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը, այս սուրբ երրորդությունը պետք է պահպանել: Թեև տարիներ շարունակ մենք Սփյուռքից միայն պահանջել ենք, սակայն ժամանակն է Սփյուռքին մեր բոլոր ծրագրերում ու աշխատանքներում ընդգրկել, ինչպես նաև նրանց որոշ հարցերում օգնել։ Ինչո՞ւ Սփյուռքը ստեղծվեց. դա պատմական իրողությունների հետևանք էր, և այսօր արցախցուց լավ որևէ մեկը չի կարող հասկանալ պատմական իրողության նման հետևանքի դժվարությունները», — ավելացնում է Գայանեն։

2023 թվականին ստեղծված «Հաբ Արցախ»-ը մարդկային կապիտալը զարգացնելու նպատակ է ունեցել` ասում են աղջիները և ավելացնում, որ Արցախում այդ օրերին ձևավորված համայնքի հետ այսօր էլ շարունակում են աշխատել: «Ստեծել ենք թեժ գիծ ծառայություն` սկզբում նախատեսված 6 ամսվա համար, սակայն աշխատանքի  արդյունավետությունը տեսնելուց հետո՝ երկարաձգել ևս 3 ամսով։ Այսօր մենք պատրաստ ենք ավելի լավ ու արդյունավետ գործունեություն ծավալել՝ մեր սխալներից ու թերացումներից դասեր քաղելով»:

Արցախցի աղջիկները Հայաստանում հաստատվելուց հետո նախաձեռնել են այս ծրագիրը և հազարավոր զանգեր ստացել, հարյուրից ավելի աշխատատեղերի հարց լուծել: Ծրագիրը նաև խորհրդատվություն է տվել նրանց, ովքեր կենցաղային կամ մասնագիտական հարցեր են ունեցել: «Այս ծրագիրը խթանելու է արտագաղթի կանխումը: Արտագաղթն այսօր թեև առկա, սակայն կանխվող երևույթ է», — ասում են արցախցի աղջիկները և ևս մեկ անգամ կոչ անում Հայաստանի ու Սփյուռքի անհատներին ու կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ աջակցման կենտրոնի կայացման ու վերագործարկման գործում: Իսկ աջակցությունը հնարավոր է «ՌեԱրմենիա» համագործակցության հարթակի ու «Հաբ Արցախ»-ի սոցիալական տարբեր հարթակների միջոցով:

Կարդացեք նաև

Back to top button