ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտադիր է մոտ օրերս մեկնել Ուկրաինա՝ երկրի իշխանությունների հետ քննարկելու Կիևին օգնություն տրամադրելու հարցը։ Այդ մասին նա հայտարարել է Բուդապեշտում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։
«Ցանկանում եմ առաջիկա մի քանի օրվա ընթացքում մեկնել Ուկրաինա՝ իշխանությունների հետ քննարկելու, թե ինչպես կարող ենք շարունակել աջակցել նրանց, քանի որ պետք է շարունակենք օգնել»,- ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է օգնի Ուկրաինային՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում ԱՄՆ-ում։
«Ինչ էլ որ լինի, պետք է հավատարիմ մնանք Ուկրաինայի հանդեպ մեր պարտավորություններին։ Ուկրաինան պետք է լինի սեղանի շուրջ, ոչ թե ճաշացանկում։ Եթե դու խաղացող չես, ուրեմն ուրիշները խաղում են քո փոխարեն։ Ոչ։ Ինչ էլ լինի ԱՄՆ-ում, մենք ունենք մեր շահերն ու արժեքները»,- ասել է նա։