Միջազգային ֆորում` եվրոպական ու վրացական բանկային ասոցիացիաների անդամների մասնակցությամբ։ Նպատակը Հայաստանի և տարածաշրջանային բանկային համակարգերի հասանելիությունն ու խոչընդոտները քննարկելն է։ Միջոցառման առանցքում նաև բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման հարցերն են։ Հայաստանի բանկերի միությունում արձանագրում են՝ 2-3 տարում հայկական բանկերի շահույթը սկսել է համապատասխանել եվրոպական բանկերի շահույթին։
Հայաստանի բանկային ու ֆինանսական համակարգը կայուն է, պատրաստ՝ մարտահրավերներին դիմակայելու։ Բայց, ըստ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի, համակարգի ամենագլխավոր մարտահրավերը բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման ու համապատասխանության չափորոշիչների ներդրումն է։ Նպատակը՝ գործարքների թափանցիկության ապահովումը, օրինականությունը և անվտանգությունը։
«Այսօրվա ամենակարևոր մարտահրավերը նոր թրենդ դարձած բնապահպանական , կորպորատիվ կառավարման և շրջակա միջավայրի պահպանման հետ կապված ստանդարտների ներդրումն է: Համապատասխանության ստանդարտների ներդրումը թույլ կտա շատ ավելի հեշտ և շատ ավելի սահուն համագործակցել եվրոպական և աշխարհի բանկերի հետ»։
Հայաստանում բանկերի զուտ շահույթի և կապիտալի հարաբերակցությունը տարիներ շարունակ 10 տոկոսից ցածր էր, մինչդեռ վերջին տարիներին հասել է 20 տոկոսի։ Հայաստանյան բանկերի շահույթն, ըստ Ազատյանի, համապատասխանում է եվրոպական և ամերիկյան բանկերի մակարդակին։
«2-3 տարվա ընթացքում հայկական բանկերի շահույթը, հաշվի առնելով զուտ շահույթի և կապիտալի հարաբերակցությունը, սկսել է համապատասխանել այն շահույթին, որը ստանում են եվրոպական բանկերը»։
Հայաստանի բանկային համակարգը մրցունակ է, և եթե մի ապրանքի պահանջարկը մեծ է, նշանակում է՝ իր գինը չպետք է իջնի։ Վարկերի պահանջարկին զուգահեռ տոկոսադրույքները մնում են բարձր։
«Վերջին երկու-երեք տարիների ընթացքում դրանք մի փոքր բարձրացրել են, և հիմա այս պահին ունեն նվազման միտում, բայց միևնույն է, դրանք մրցակցային գներ են: Իմ նախնական տպավորությամբ, բոլոր վարկատեսակները հավասար աճում են։ Մենք սպառողական ոլորտում ունենք մեծ վարկերի ծանրաբեռնվածություն: Հիպոթեքային շուկան նույնպես ծանրաբեռնված է, իսկ արդյունաբերության ու մյուս ճյուղերում կա նոր ռեսուրսների ներգրավման կարիք»։
Հայաստանի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծում է՝ արագ փոփոխվող աշխարհում, հատկապես այն տարածաշրջանում, որտեղ մենք ենք ապրում, մարտահրավերները բազմազան են, և դրանք շատ արագ ծագում և վերափոխվում են, ինչը պահանջում է ժամանակին ու բովանդակային արձագանքներ:
«Ֆինանսական կայունության առումով մենք վերջին տարիներին զգալի բարելավել ենք դիմադրողականությունը»։
Կենտրոնական բանկը կարևորում է և սկսել է ուշադրություն դարձնել բնապահպանական, սոցիալական և ղեկավարման պատասխանատվության կառավարմանը: ԿԲ նախագահը տեղեկացնում է՝ ֆինանսական համակարգի համար նախատեսում են ստեղծել անհրաժեշտ պայմանները և պահանջները՝ նրանց համար հստակ խաղի դաշտ և կանոններ սահմանելու համար։ Առևտրային բանկերի կորպորոտիվ կառավարման ստանդարտների ուժեղացումը բանկային համակարգի կայունության և մրցունակության երկարաժամկետ երաշխիքներից է՝ կարծում է Մարտին Գալստյանը։ Բանկային ոլորտի եվրոպացի ու վրացի մասնագետները փաստում են՝ միջազգային փորձը կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է հաջողությամբ ներդնել ESG չափանիշները՝ ապահովելու համար երկարաժամկետ կայունությունը և միջազգային գործընկերների վստահությունը։