ԿարևորՔաղաքական

ՀՀ փոխարտգործնախարարը՝ ԱՄՆ ընտրությունների, Հայաստան-ԱՄՆ համագործակցության մասին

Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները բավականին կայուն ինստիտուցիոնալ հիմքեր ունեն՝ անկախ վարչակազմից, այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Փոխնախարարը հիշեցրել է, որ այս տարի հայտարարվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հարաբերությունների մակարդակը ռազմավարական երկխոսությունից փորձում են բարձրացնել ռազմավարական գործընկերության: 

Փոխարտգործնախարարը վստահություն է հայտնել, որ անգամ նոր վարչակազմի օրոք աշխատանքները հաջողությամբ կշարունակվեն։

«Այս առումով ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում: Թույլ տվեք վստահություն հայտնել, որ նոր վարչակազմի պարագայում էլ այս աշխատանքները բարեհաջող կընթանան ու ավարտին կհասցվեն»,-ասել է Կոստանյանը: 

Նա ընդգծել է, որ օրակարգը հիմնված է ընդհանուր արժեքների, ժողովրդավարության վրա: Այս պահին աշխատանքներ են իրականացվում՝ ընդլայնելու համագործակցության օրակարգը, այդ թվում՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի և ԱԳՆ-ն, և այլ գործընկերներ այս տարիների ընթացքում մշտապես շփումներ են պահպանել ԱՄՆ-ում թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների հետ:

«Ունենք փաստ՝ ԱՄՆ-ի ժողովուրդն ընտրել է Դոնալդ Թրամփին՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, և ՀՀ կառավարությունն աշխատելու է ընտրված նոր իշխանությունների հետ»,-ասաց նա:

Կարդացեք նաև

Back to top button