2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը:
Նախաձեռնող խումբն ուներ 60 օր ժամանակ անհրաժեշտ թվով ստորագրությունների հավաքման համար։
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը տուփերը սոսնձել և ստորագրել է։ Նախաձեռնության ներկայացուցիչները ևս իրենց ստորագրություններով հաստատել են տուփերի հանձնումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները։
Այդ գործընթացը կարող է իրականացվել միայն ԿԸՀ սահմանած վերջնաժամկետից հետո (նոյեմբերի 14), քանի որ այդ օրերին ևս ՀՀ քաղաքացիները կարող են սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով միանալ նախաձեռնությանը։