Հայ երգահան, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, գորգագետ Վահրամ Թաթիկյանի 75-ամյակին ընդառաջ «Երաժշտական եռանկյունու» տաղավարում հանդիպեցինք նրա այրու՝ բանաստեղծուհի և թարգմանչուհի Մարիամ Թաթիկյանի և երգահան Էդվարդ Զորիկյանի հետ։
«Վահրամը խառնվածքով անհանգիստ մարդ էր։ Յուրաքանչյուր բնագավառում, լինի դա հայագիտություն, աստղագիտություն, գրականություն կամ երաժշտություն, փորձում էր հասնել առավելին։ Մշտապես ձգտում էր կատարելության։ Թողել է հսկայական ժառանգություն որպես երգահան և գիտնական», — ասում է Մարիամ Թաթիկյանը։
Վահրամը ստեղծագործել սկսել է վաղ հասակում։ Գրում էր բանաստեղծություններ և երգեր։ Ինքնուրույն սովորել է կիթառ նվագել, որով նվագակցում էր ինքն իրեն։ 60-70-ականներին արդեն հայտնի էին նրա «Մոգական լապտերիկ»-ն ու «Ձյունը»։
Համատեղ համերգներ է ունեցել հեղինակային երգի ոլորտում ստեղծագործողների հետ, բայց նրա հետաքրքրություններն ու ստեղծագործական դրսևորումները շատ ավելի խորը և ընդարձակ էին՝ հայկական միջնադարից մինչև սփյուռքահայ պոետներ, որոնց բառերով բազմաթիվ երգաշարերի հեղինակ է։
«Թաթիկյանը ստեղծագործում էր իր ժամանակին համընթաց՝ Արցախյան շարժում, անկախության պայքար, պատերազմի տարիներ… Նա նստացույցերի, հացադուլների, քաղաքացիական բազմաթիվ ընդվզումների մասնակից էր։ Նորագույն պատմության իրադարձությունների ամենաակտիվ մասնակից և վկա։ Նրա երգերով կարելի է վերականգնել մեր անկախ հանրապետության տարեգրությունը», — շարունակում է Էդվարդ Զորիկյանը։
Հանրային ռադիոյում պահպանվում են նրա ձայնագրությունները։ Վահրամ Թաթիկյանը հրատարակել է բազմաթիվ ձայնասկավառակներ, գիտական երկեր և հոդվածներ։