Սույն թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի իրականացման մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո (2017-2026 թթ․)։ Այն միտված է նվազեցնելու Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցով սիստեմատիկաբար ջերմոցային գազերի արտանետումները և, այդպիսով, ապահովելու կայուն զարգացման օգուտները:
Ընդգրկելով հասարակական և բնակելի շենքերը՝ ծրագիրը կենտրոնանում է շուկայի խոչընդոտները հաղթահարելու միջոցով էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների համար բարենպաստ շուկայական միջավայրի և մասշտաբավորման ընդունակ բիզնես մոդելի ստեղծման վրա:
Համաձայնագրով նախատեսվում է, որ շենքերի էներգաարդյունավետությունը Հայաստանում առաջընթաց է գրանցելու լրացուցիչ առնվազն 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման միջոցով: Դրա շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է գալու որպես ծրագիրն իրականացնող գործընկեր՝ կազմակերպելով և իրագործելով ՀՀ Կառավարության 2023 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն «2024 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման 11-րդ հավելվածում ներառված շենքերի հիմնանորոգման ընթացքում էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների ֆինանսավորում։ ՄԱԶԾ-ի կողմից համապատասխան վճարումներն իրականացվելու են կատարողականի դիմաց՝ համաձայն սահմանված վճարումների ժամանակացույցի: