«Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական նոր չափորոշիչներով 1-12-րդ դասարաններում ներկայացվում է երաժշտություն, կերպարվեստ, պար, թատրոն և դեկորատիվ-կիրառական արվեստ ուսումնական առարկաներով՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում, առանձին կամ ինտեգրված դասընթացով: Մասնագետները կարծում են, որ դպրոցներին ճկունություն տալով, նոր փոփոխությամբ ոչ միայն այլընտրանքներ են սահմանվում, այլև որոշակի ռիսկեր առաջանում։ Մտահոգություններ կան, որ առարկան ոչ պարտադիր լինելու դեպքում կարող է աստիճանաբար դուրս մղվել դպրոցից։ Նաև իրենք՝ ուսուցիչները, կարող են կրճատման վտանգի առաջ կանգնել։
Ազգային երգ ու պար դասավանդող բազմաթիվ ուսուցիչներ մտահոգված են. մտավախություն ունեն, որ իրենց առարկան աստիճանաբար դուրս կգա դպրոցներից։ Պատճառն, ըստ նրանց, նոր չափորոշիչներն են, որոնք ենթադրում են ճկունություն ու դեմ են պարտադրանքներին։ Մեզ դիմած ուսուցիչները չցանկացան հրապարակային հայտնել իրենց մտահոգությունը, բայց նախարարությունում արդեն ծանոթ էին դրանց։
Գրավոր հարցմանն ի պատասխան, գերատեսչությունից մեզ հայտնեցին, որ «Ազգային երգ ու պար» առարկան հանրակրթական ուսումնական հաստատություններում 2021 թվականից ուսումնասիրվում է «Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշչով սահմանված առարկայախմբի շրջանակում: Ըստ այդմ՝ 1-12-րդ դասարաններում ներկայացվում է երաժշտություն, կերպարվեստ, պար, թատրոն և դեկորատիվ-կիրառական արվեստ ուսումնական առարկաներով՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում՝ առանձին կամ ինտեգրված դասընթացով, ուստի վերապատրաստված մասնագետները կարող են դասավանդել «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառի առարկաներից որևէ մեկը։
Սա նշանակում է, որ «Ազգային երգ ու պարը» դուրս չի գա դպրոցներից, բայց նոր չափորոշիչների համաձայն դպրոցն ինքը կորոշի՝ որքան ժամ հատկացնել դասաժամին։ Ազատությունը լավ է, բայց երբեմն նաև ռիսկային է, կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, հասկանալով նաև ուսուցիչների մտավախությունը։
Երբ տարիներ առաջ սկսվեց «Ազգային երգ ու պարի» փորձարկումը, նպատակ կար առարկան ներդնել բոլոր դպրոցներում, այսօր արդեն ոչ միայն առարկան պարտադիրներից չէ, այլև ուսուցիչների կրճատման ռիսկը կա, ասում է․
«Նախարարությունը, որ ազատություններ է տալիս դպրոցին՝ ընտրության հնարավորություն և այլն, հնարավոր է՝ այդ ազատությունները տարբեր դպրոցներ տարբեր ձևերով օգտագործեն։ Սկզբում դասավանդում են, հետո դպրոցը որոշում է, որ այլևս չի դասավանդվելու, անցնում ենք մեկ այլ տարբերակի։ Այո, այս դեպքում արդեն կարող է խնդիր լինի ուսուցչի կրճատման։ Այդ դեպքում ուսուցիչը, որը կրճատվում է, իր համար սա կարող է խնդիր լինել»։
Դպրոցն ինքն է որոշում «Արվեստ և արհեստ» առարկայախմբում երգ ու պար դասավանդել, թե արհեստ։ Նույն խնդիրը կա նաև շախմատի դեպքում, նկատում է փորձագետը։ Երբեմնի պարտադիր առարկայի դասավանդմանն այժմ արդեն նոր չափորոշիչներով դպրոցն ինքը կորոշի՝ որքան ժամ հատկացնել։
«Կան դպրոցներ, որոնք որոշել են մեկ ժամով դասավանդել, կան դպրոցներ, որոնք որոշել են երկու ժամ, կան դպրոցներ, որ մեկուկես ժամ։ Այսինքն, դրանով պայմանավորված խնդիրներ են առաջանում։ Որտեղ շախմատը դասավանդում են մեկ ժամով, պարզ է՝ ուսուցչի ժամերի նվազում է, խնդիր է առաջանում։ Նույնը պարի դեպքում է որոշ դպրոցներում։ Կարող է խնդիր առաջանալ ուսուցչի կրճատման, ժամերի կրճատման, առարկայի հեռանկարի։ Ամեն դպրոց տարբեր է։ Կան դպրոցներ, որտեղ շատ լավ ուսուցիչ կա, ամեն ինչ շատ լավ է գնում և, իրոք, արժե, բայց ցավոք, կարող են լինել նաև դպրոցներ, որտեղ ուսուցիչը թույլ է։ Այսինքն՝ դպրոցը ինքը պետք է որոշի։ Սա է խնդիրը»։
Կրթության փորձագետը դպրոցին ճկունություն տալու առումով նաև դրական կողմեր է առանձնացնում։ Դա հարմար է, եթե, օրինակ, դպրոցում չկա տվյալ մասնագետը, կամ, եթե հարևան դասասենյակի երաժշտությունը խանգարում է մյուս դասաժամերին։ Այդ դեպքում, ըստ նրա, կարող են առարկայախմբից ամենաօպտիմալ լուծումը գտնել այլ առարկայի դասավանդման մեջ։ Բայց որքան էլ այլընտրանքին կողմ է փորձագետը, ազգայինը դասավանելը, կարծում է ոչ միայն կարևոր է, այլև անհրաժեշտություն։