ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Փաստեր՝ բացակայող տեղեկությունների արանքում․ ինչ է նախանշում չգաղտնազերծվող փաստաթղթի 11–րդ խմբագրումը

ՀՀ ԱԳՆ–ն հաստատել է, որ նոյեմբերի 5-ին ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները: Այդպիսով, Ադրբեջանը պատասխանել է դեռ օգոստոսի վերջին ուղարկված հայկական առաջարկներին։ Այս ընթացքում Երևանը Բաքվին առաջարկել էր փաստաթուղթը ստորագրել արդեն համաձայնեցված կետերով, սակայն, ադրբեջանական կողմը դա անընդունելի էր համարել։ Ադրբեջանից ստացված առաջարկները նախագծի 11-րդ խմբագրությունն են:

Պաշտոնական Երևանը չի մանրամասնում, թե ինչ տեսք է ստացել «Խաղաղության պայմանագրի» նախագիծը Ադրբեջանի կողմից 11–րդ խմբագրումն անցնելուց հետո։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, այնուամենայնիվ, դրական են գնահատում գործընթացը, որն այս պահին կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Կուսակցության վարչության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դժվարանում է պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետեր նշել, բայց համոզված է՝ եթե խոչընդոտներ չլինեն, դա կարելի է մեկ շաբաթում էլ կազմակերպել։ Ընդ որում՝ համոզված է նաև, որ այդ գործում կողմերին միջնորդներ պետք չեն․

«Մենք հիմա ունենք երկկողմ գործընթաց Ադրբեջանի հետ, որն, իմ կարծիքով, արձանագրել է կոնկրետ դրական արդյունքներ։ Չունենք էսկալացիաներ, ունենք սահմանազատված և սահմանագծված հատված, և ունենք խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակում գործընթաց, որն առաջ է գնում։ Ասենք, պայմանական ինչ-որ կետեր եղել են, որոնց շուրջ անհամաձայնությունները շատ ավելի մեծ էին, հիմա բանակցությունների արդյունքում չհամաձայնեցված կամ քննարկելի կետերի շրջանակն էականորեն փոքրացել է։ Հիմա եթե մենք ունենք դրական մի գործընթաց, ես տրամաբանություն չեմ գտնում դրական գործընթացից շեղվելու։ Ես կարծում եմ, որ այս ֆորմատը, որը կա, այս տրամաբանությունը, որը կա, լավն է, և պետք է շարունակենք գնալ առաջ»։

Լավատեսության հիմքեր է մատնանշել նաև Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը․

«Գիտեք, շատ ինտենսիվ հանդիպումներ են եղել, բայց առայժմ արդյունքների մասին խոսել չեմ կարող: Բայց երևի նկատել եք, որ աննախադեպ ակտիվ էր հանդիպումների առումով և շփումների»։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 31–ին, խորհրդարանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ մնացել է համաձայնեցնել 1–2 ձևակերպում, ինչից հետո հայկական կողմը փաստաթուղթը ստորագրման համար պատրաստ կհամարի։ Չգաղտնազերծվող փաստաթղթի մանրամասները հայտնի չեն։ Միրզոյանը նույնպես նշել է, որ առանձին կտորներ հանրայնացնել չի կարող։

Ընդդիմությունում ավելի քան համոզված են, որ դեռ չհամաձայնեցված կետերը խիստ սկզբունքային են Հայաստանի համար։ Առավել ևս, եթե դրա կողքին ավելանում է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարի սպառնալիք-հայտարարությունը, թե ցանկության դեպքում Ադրբեջանը կարող է պարտադրել Հայաստանին ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Այս պահի դրությամբ  ընդդիմադիր պատգամավորներն ավելի հեշտ են համարում  հասկանալը, թե ինչ հարցեր այլևս ընդգրկված չեն «Խաղաղության պայմանագրի» նախագծում։ Թեև փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն իրենք չունեն, բայց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը թվարկում է այն ամենը, ինչը ենթադրաբար արդեն դուրս է մնացել փաստաթղթից․

«Ամբողջ բանակցային գործընթացը փաթեթը, երբ  քննարկվում էր, այնտեղ կային սահմանազատմանը   և ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, բազմաթիվ այլ հարցեր։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարց, երաշխավորության ինստիտուտ և այլն։ Բոլորը հերթով դուրս են եկել։ Այսօր այդ բոլոր հարցերն առանձին են քննարկում, և դա եղել է պահանջ։ Այո, իսկապես, Ադրբեջանն ասել է, որ երաշխիքների ինստիտուտ կամ միջնորդավորված որևէ բանակցություն չպետք է լինի, և դա տեղի է ունեցել և այսպես շարունակաբար, կարող եմ երկար թվարկել»։

Այլ հնարավոր վտանգների մասին խոսում է «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա ուշադրություն է հրավիրում Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, որով Հաքան Ֆիդանը պնդում է, մեջբերում․ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումից հետո»։ Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք ունի, որ բանակցություններն ընթանում են նախապայմաններով։

Դա, ի դեպ, չէր հերքել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը․ «Թուրքիան, մեծ հաշվով, հրապարակավ պատասխանել է շատ վաղուց ։ Իրենք ասում են, որ պատրաստ են ամբողջական կարգավորման և սահմանների ամբողջական բացման Հայաստանի Հանրապետության հետ և, որքան հասկանում ենք շփումներից և հանրային հայտարարություններից, դիրքորոշման արտահայտումից, խնդիրներ շատ մեծ չեն տեսնում ճանապարհին, ի դեպ, մենք՝ ևս չենք տեսնում, բայց Թուրքիան, այնուամենայնիվ, իրենց հետ մեր խնդրի կարգավորումը կապում է, չէի ուզի այլ բառ օգտագործել, ինչ-որ կերպ կապում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հետ։ Մնացած առումով մեր երկխոսությունը շատ դինամիկ է, բովանդակային, և այնտեղ մեծ ու փոքր տարբեր անելիքներ կան, որոնց շուրջ մեծ հաշվով փոխըմբռնում էլ կա»։

Հրապարակավ ներկայացված նախապայմաններից հիմնականը Հայաստանի Սահմանադրության հարցն է, որի նախաբանում առկա «Անկախության հռչակագրին» հղումը Ադրբեջանը խաղաղության պայմանագրի խոչընդոտ է համարում։ Հայաստանն այս վերապահումն ընդունելի չի համարում, առավել ևս, երբ Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներ իր Սահմանադրության մեջ ունի հենց Ադրբեջանը։ Հայկական կողմը «Խաղաղության պայմանագիրը» բավարար է համարում խնդիրները կարգավորելու և մտահոգությունները փարատելու համար։

Առայժմ չհրապարակվող նախապայման ընդդիմությունը համարում է նաև միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու հնարավոր պահանջը։ Կառավարությունը չի հաստատում ընդդիմադիրների այս տեղեկությունները։  

«Խաղաղության պայմանագրի» նախագծի 11–րդ խմբագրումից հետո հայտնի չէ, թե որքանով են մոտեցել կողմերի դիրքորոշումները դեռ չհամաձայնեցված 2 կետերի շուրջ: Միևնույն ժամանակ դեռ հարց է նաև, թե Ադրբեջանի պատասխանում որքանով են արտացոլված այն նամակի բովանդակությունը կամ ամերիկյան առաջարկների էությունը, որոնց մասին հոկտեմբերի վերջին ասվում էր Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հղած նամակներում:

Մյուս կողմից կա մեկ այլ հայտարարություն․ նույն օրը, երբ Երևանը հաստատել է Բաքվից առաջարկներ ստանալու տեղեկությունը և պատրաստակամություն է հայտնում հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը, հայտարարություններ է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, թե Մոսկվան, ի տարբերություն արևմտյան միջնորդների, Երևանին ու Բաքվին չի մղում խաղաղության պայմանագրի հապճեպ ստորագրման՝ հաշվի առնելով  երկարատև հակամարտության և բազմաթիվ զոհերի հետևանքով առաջացած խորքային խնդիրները։  

Ի դեպ, խաղաղություն հաստատելու խոսակցություններին զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախում հայկական հետքերը։ «Գեղարդ» հիմնադրամը հայտարարում է, որ արբանյակային պատկերներով ապացուցվում է, որ ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Գյուղի տների մեծ մասը՝ դպրոցը, մանկապարտեզն ու այլ շինություններ քանդվել են։ Ընդհանուր առմամբ՝ քանդվել է ավելի քան 40 տուն և շինություն։

Կարդացեք նաև

Back to top button