Հաջողության նոտա

Միայն նպատակները բավարար են, որպեսզի դժվարությունները հօդս ցնդեն. «Հաջողության նոտա»

Դեռ շատ փոքր էր, բայց հստակ որոշել էր՝ բժիշկ է դառնալու։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո մեկնեց Ուկրաինա բժշկության ոլորտում փորձառություն ձեռք բերելու համար։

Պլաստիկ վիրաբույժ Վասպուր Ղույումչյանը բավականին մեծ հաջողությունների էր հասել Ուկրաինայում, երբ սկսվեց ռուս–ուկրաինական պատերազմը․ ցավով է հիշում այդ օրերի իրադարձությունները, լարված հուզական վիճակն ու անորոշությունը։ Այժմ աշխատում է Գերմանիայում և փորձում հաստատուն քայլերով գնալ առաջ, քանի որ գտնում է, որ միշտ պետք է շարժվել ժամանակին համընթաց և զարգանալ։

Սկզբում ընդհանուր վիրաբուժություն, հետո պլաստիկ վիրաբուժություն։ Ընդհանուր վիրաբուժության գիտելիքներն ու հմտություներն օգնում են պլաստիկ վիրաբուժության ասպարեզում գործել ավելի գրագետ։ Ասում է՝ երբեք իդեալական արդյունք չի լինում, բայց արդյունքը նաև համեմատության մեջ է․ երբ նայում ես ինչ ունեինք և ինչ ենք ստացել, դա արդեն կարելի է համարել հաջողություն։

Պլաստիկ վիրաբուժությունը պետք է օգնի ազատվել խնդիրներից ու բարդույթներից՝ ասում է Վասպուր Ղույումչյանը։ Նշում է, որ ցանկացած պարագայում մարդը չպետք է կորցնի անհատականությունը, վիրահատությունից հետո պետք է ոչ ոք չհասկանա, որ կատարվել է միջամտություն։

«Վստահելի մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է խորապես տիրապետել մարդու հոգեբանությանը, ցանկություններին, հասկանալ՝ ինչ է պետք և ինչ է ուզում բուժառուն», – ասում է բժիշկը։

Կարդացեք նաև

Back to top button