ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Դիվանագիտական «մարտահրավերներ»․ ինչ է պահանջվում ՌԴ-ում և Բելգիայում ՀՀ դեսպաններից

 Ռուսաստանում ՀՀ նոր դեսպանը պաշտոնապես ստանձնում է առաքելությունը․ Կրեմլում Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։  Արսենյանի նշանակումն առաջացրել է հակասական արձագանքներ․ ընդդիմադիր ուժերը մտահոգություն են հայտնել, որ նախորդիվ նրա հնչեցրած հակառուսական  որոշ ձևակերպումներ կարող են վնասել հայ-ռուսական հարաբերություններին։ Սա դեսպաններին առնչվող միակ քննարկումը չէ․ ավելի լուրջ մտահոգություն է առաջացրել  Բելգիայում տեղի ունեցածը, երբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հասցեին Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել։  

Փորձագետների գնահատմամբ՝ սրանք դիվանագիտական մարտահրավերներ են, որոնց հաղթահարումը պահանջում է առավելագույն պատասխանատվություն և զգուշություն, որպեսզի հայկական շահերը պաշտպանվեն միջազգային ասպարեզում։

Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային լարված հարաբերությունների բերումով Հայաստանն առնչվում է նաև, այսպես ասենք, դիվանագիտական մարտահրավերների։ Որոշ փորձագետների համոզմամբ՝ մեր դիվանագիտական կորպուսից այսօր պահանջվում է առավելագույն նվիրվածություն և զգուշություն։

Որպես ասվածի վառ օրինակ՝ դիտարկվում են Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հանդեպ Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից հնչեցված բացահայտ սպառնալիքներըը։ Այս միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական բողոք է ներկայացրել Եվրամիության և բելգիական և համապատասխան կառույցներին՝ սպասելով հետաքննության և արձագանքման։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է այս տեղեկությունը՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնելով․ 

«Մեզ հասած տեղեկություններով՝ ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ։ Ակնկալում ենք համապատասխան արձագանք Բելգիայից և Եվրամիությունից։ Արձագանք դեռևս չկա»։

Սակայն ինքը՝ Ադրբեջանի դեսպան Սադիկովը,  հրապարակավ հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, թե միջոցառումն անցել է բարեկամական մթնոլորտում։
Դիտարկելով կատարվածը դիվանագիտական կանոնների համատեքստում՝ միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում դեսպան Տիգրան Բալայանի հետ կապված դեպքը չի գնահատում  որպես  առանձին, անհատական միջադեպ։ Նա  տեղի ունեցածը համարում է առավել լուրջ խնդիրների ցուցիչ, որը վեր է հանում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների սրման վտանգը նաև դիվանագիտական դաշտում։  Բալայանի հանդեպ վերաբերմունքն այնպիսին է, ինչպիսին հայերի հանդեպ է՝ ձևակերպում է միջազգայնագետը։ 

«Միջանձնային խնդիր չի կարող լինել։ Անձնային հարաբերություններն այդ աստիճանի չէին կարող բորբոքվել։ Եթե նրանք հակակրանք ունեին զուտ իբրև անհատներ, ապա նրանց փոխադարձ հաղորդակցման հնարավորությունները կարող էին սահմանափակվել։ Ոչ ավելին։ Գոյութենական, գոյաբանական սպառնալիքներ հնչեցնելը միայն դեսպան Բալայանի հայ լինելու և Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու պարագայով է պայմանավորված»։

Ըստ միջազգայանագետ Գուրգեն Սիմոնյանի՝ սա ցուցիչ է, որ գործի դրվող գործիքակազմը բնորոշ չէ խաղաղության օրակարգին։  

«Այնպիսիք, ինչպիսիք դիվանագիտական ներգործությունն է կամ փոխադարձ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է՝ ֆորումների, հանդիպումների, հրավերների ընթացքում։ Սա մարդատյացության, հայատյացության՝ արմենոֆոբիայի, ՀՀ-ն չընկալելու, չախորժելու, մոլագարության աստիճանի հասնող դրսևորումների մի տարատեսակ է, որը տեղի է ունեցել դեսպան Բալայանի նկատմամբ։ Ինչպե՞ս կարելի է չտեսնելու տալ ուղղակի՝ աղաղակող տեսանելին»։ 

Հայաստանի դիվանագիտական կորպուսում աղմուկ բարձրացրած այս միջադեպի կողքին բուռն ու բավականին հակասական արձագանքներ էր առաջացրել նաև Ռուսաստանում Գուրգեն Արսենյանին դեսպան նշանակվելը։

Խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչների դիտարկմամբ՝ ՌԴ քաղաքականության հանդեպ Արսենյանի՝  նախկինում հնչեցրած քննադատությունները և, առհասարակ, այդպիսիք դիրքորոշումը կարող են  բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա։  

Միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը, սակայն, հարցին այլ կողմից է մոտենում․ ՌԴ-ն տվել է իր համաձայնությունը Արսենյանի նշանակմանը, հետևաբար, նրա հետ աշխատելու պատրաստակամություն կա։

«Գուրգեն Արսենյանի խնդիրն է ճշգրիտ ՌԴ-ին ներկայացնել ՀՀ տեսակետը և ընկալել ՌԴ տեսակետը պատշաճ և ներկայացնել Հայաստանին՝ ՀՀ ազգային շահերով պայմանավորված։ Հիմա այստեղ ՀՀ-ՌԴ հարաբերություններից է կախված դիվանագիտական առաքելության արդյունավետությունը»։

Սիմոնյանի խոսքով՝ ՌԴ-ում հայկական մեծ Սփյուռքն էլ իր անելիքն ունի․ ինչ-որ առումով Սփյուռքը ևս մեր «դեսպանն» է՝ ներկայացնելով մեր մշակույթը, պատմությունը, տեսակետն ու ակնկալիքները։  Հետևաբար, միջազգայնագետի խոսքով, պետք չէ դիվանագիտական առաքելության արդյունավետությունը պայմանավորել բացառապես դեսպանի անձով․ սրանք հարցեր են պետական քաղաքականության մակարդակով, որոնք պահանջում են նաև ապահովել Հայաստանի դիվանագիտական կորպուսի պատրաստվածությունը՝ արձագանքելու նման միջադեպերին։

Կարդացեք նաև

Back to top button