Տեղի է ունեցել «Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովը»՝ ArmIGF2024-ը: «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով ամենամյա համաժողովը մեկ հարթակում է միավորել ոլորտը համակարգողներին և մասնագետներին։ Նրանք քննարկել են թվային տիրույթի մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ուղիները: Մասնագետները համոզված են, որ թիրախ չդառնալու համար նվազագույնը պետք է ավելի իրազեկված և գրագետ լինել։
Ավելի քան մեկ տասնամյակ մարդկությունը երկու զուգահեռ իրականություններում է ապրում։ Հեռախոսները, պլանշետներն ու համակարգիչները ոչ միայն ներխուժել են մեր կյանք, այլև դարձել անփոխարինելի գործիքներ։ Մինչդեռ ֆիզիկական աշխարհի ռիսկերը նույնությամբ առկա են կիբերտիրույթում, բայց այս դեպքում վտանգները տեսանելի չեն։ Հենց սա ավելի խոցելի է դարձնում մարդկությանը՝ կարծում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։
«Ուզենք թե չուզենք, մեր առօրյան, կյանքը, սկսած առողջապահությունից մինչև առևտուր, իրականանում է համացանցում։ Այսինքն՝ համացանցից օգտվելիս պետք է լինենք գրագետ, որպեսզի չլինենք թիրախ: Երեխաներն ամենափոքր տարիքից շատ ավելի հմուտ են այդ ամեն ինչը սովորում, տիրապետում և սովորեցնում են ընտանիքի անդամներին, բայց կա նաև ծնողների իրազեկվածության խնդիրը: Այսինքն՝ երեխաները իրենք չեն կարող պատկերացնել, թե ինչ վտանգ է իրենց սպառնում, երբ հեռախոսը վերցնում են ու օգտագործում, ասենք, ուտելիս»:
Այսօրվա աշխարհում, որտեղ մեր կյանքը պտտվում է թվային տեխնոլոգիաների շուրջ, կիբերանվտանգությունը դարձել է չափազանց կարևոր: Հաքերային հարձակումները, ֆիշինգը և վիրուսային ծրագրերը սպառնալիքներից ընդամենը մի քանիսն են, որոնց կարելի է բախվել: Դրանք կարող են վնասել համակարգիչները, հափշտակել թանկարժեք տվյալները և գողանալ փողերը: Տեխնիկական գիտությունների թեկնածու Եղիսաբեթ Ալավերդյանը կարծում է, որ ռիսկերից խուսափելու լավագույն մեթոդը դրանք ճանաչելն է։
«Մասնագիտական կրթությունն է շատ կարևոր և իրազեկվածությունը: Պետք է բնագիտական բուհերն անպայման կիբերանվտանգության դասընթացներ ունենան, նաև դպրոցներն ու անգամ մանկապարտեզները, որովհետև երեխաները նույնպես ցանցային տիրույթում են: Մենք առաջարկում ենք, որ այդ գրոհների տիպերը մանրամասն վերլուծվեն, որովհետև ցանկացած տիրույթ ունի իր տիպային գրոհները: Աշխարհում ուրվականի նման պտտվում են հետևողական և առաջադեմ գրոհներ, որոնք հիմնված են արհեստական բանականության վրա: Չի կարելի անտեսել նաև վաղը, մյուս օր եկող քվանտային համակարգիչների ու գրոհների փաստը: Մարդկությունը հենց հիմա պետք է դրան պատրաստվի»:
Համացանցը պետք է լինի այն տարածքը, որտեղ մենք կկարողանանք արտահայտվել, ոչ թե թաքնվել՝ կարծում է ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Ասում է՝ ավելի ապահով միջավայր ստեղծելու և պաշտպանված լինելու համար թվայնացման օրակարգում պետք է միշտ մեկ քայլ առաջ լինել։
«Մենք մեր հայացքն ուղղել ենք դեպի արհեստական բանականության գործիքների կիրառում՝ տարբեր մանիպուլյատիվ գործիքների, ապատեղեկատվության տարածման, որպեսզի պաշտպանված լինեն հասարակության անդամները, ովքեր դրա կարիքը կունենան, և այդ ամենը տեղի է ունենում հենց ինտերնետ տիրույթում: Մեզ համար շատ կարևոր սկզբունք կա, որ շատ չկարգավորենք մի բան, որը պետք է ունենա ազատություն, և դա լինի այն վայրը, որտեղ մարդիկ կարողանան պաշտպանել և ստեղծել այն ժառանգությունը, որի համար հետագայում մենք չենք ամաչի:
Ողջունելով «Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի» անցկացումը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նկատում է, որ ինտերնետը փոխում է ամբողջ աշխարհը, ուստի պետք է ապահովել դրա թափանցիկությունն ու անվտանգությունը։
«Հայաստանը շատ արագ զարգացող թվային ոլորտ ունի: Ներկա լինելով «Դիջիթեք Էքսպո»-ին՝ մենք տեսանք, թե թվային ոլորտը ինչքան կարևոր է Հայաստանի համար: Այս բոլոր հաջողությունները պետք է նաև հիմնված լինեն անվտանգության, ապահովության և թափանցիկության վրա: Մենք գլոբալ ցանցի մի մասն ենք, և այսօրվա ֆորումը այն մեծ շարժման մի մասն է, որը միտված է կառուցելու մեր ապագան»։
Թվային աշխարհում կիբերանվտանգային խնդիրները բազմազան են՝ անձնական տվյալների պաշտպանությունից մինչև ենթակառուցվածքների ապահովում և արտակարգ իրավիճակներում կառավարում։ Կիբերսպառնալիքները չեն սպասում, ուստի մինչ տարբեր երկրներ օրենսդրական և կարգավորող մոտեցումներ են փնտրում, մասնագետները խորհուրդ են տալիս հետևել անվտանգության նվազագույն կանոններին՝ իրազեկված լիենել և պահպանել համացանցից օգտվելու հիգիենայի կանոնները։