Ամեն ստեղծագործող անցնում է իր ճանապարհը յուրովի։ Բայց բոլորի պարագայում էլ ստեղծագործելու ձիրքը ձևավորում է և՛ բնավորությունը, և՛ այն ուղին, որով անցնելիս հղկվում են նախընտրությունները, վարպետությունը և ինքնարտահայտման ոլորտները։
Կոմպոզիտոր Գայանե Կեսոյանն ընտրել է երգը և կամերային ժանրը։
«Երգը միշտ ուղեկցել է ինձ․ ամբողջ կյանքում, և՛ իմ խաղաղվելու, և՛աշխարհի հետ ներդաշնակվելու միջոցն է հանդիսացել։ Նաև գրում եմ գործիքային երաժշտություն, որի հիմքում միշտ մեղեդին է», — ասում է Գայանե Կեսոյանը։
Ծնվել է 1956թ. հունիսի 3-ին, Երևանում: 1971-75թթ. սովորել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1975-76թթ. աշխատել է երաժշտության ուսուցիչ Երևանի թիվ 84 միջնակարգ դպրոցում: 1977-82թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ Էդգար Հովհաննիսյանի դասարանում, 1980-85թթ.՝ երաժշտության պատմության ֆակուլտետում՝ Արմեն Բուդաղյանի դասարանում: 1987-94թթ. աշխատել է ավագ երաժշտական խմբագիր՝ Հայաստանի պետական ռադիոյում: 1994-96թթ. եղել է «Կեո-մյուզիք» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը: 1997թ. Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է կոմպոզիտորի հեղինակային համերգը:
Մասնակցել է մի շարք մրցույթների և միջազգային փառատոների: Համերգներով հանդես է եկել տարբեր քաղաքներում։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: Գրել է կամերային և էստրադային ստեղծագործություններ, նաև տեքստերի հեղինակ է:
Գայանե Կեսոյանի ստեղծագործության մեկ այլ ոլորտ է հանդիսանում մեդիա ոլորտը։
Աշխատել է Պետական հեռուստատեսությունում՝ կենտրոնական հեռուստատեսության համար տրվող հաղորդումների խմբագրությունում՝ որպես մշակութային լրագրող և հաղորդումների հեղինակ։
Հեղինակել է երկու հեռուստաֆիլմ, Կենտրոնական հեռուստատեսության և Համամիութենական ռադիոյի երաժշտական ծրագրեր։