Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ռուբենն ասում էր՝ ի՞նչ գիտես՝ վաղը ի՞նչ է լինելու․ Անի Հովհաննիսյան․ «Կյանքին ասել այո՛»

Անի Հովհաննիսյանը ծնվել է 1990 թվականին Գյումրիում։ 2011-ին ավարտել է տեղի Մանկավարժական համալսարանի Զինվորական ամբիոնը, մեկ ամիս անց ծառայության է անցել Հատուկ նշանակության բրիգադում։ Յոթ տարի ծառայելուց հետո տեղափոխվեց Խաղաղապահ բրիգադ, որտեղ Հայաստանում առաջին կին զինծառայողների դասակի հրամանատարն էր։ Վաշտի հրամանատար, կապիտան Ռուբեն Պրազյանը Խաղաղապահ բրիգադում դարձավ Անիի լավագույն ընկերն ու խորհրդատուն։ Կանանց դասակի ստեղծման օրվանից միասին են իրականացրել բոլոր վարժանքներն ու մարզումները, 2019-ին միասին խաղաղապահ առաքելություն են իրականացրել Աֆղանստանում։

44-օրյա պատերազմի լուրն էլ Ռուբենն էր Անիին հայտնել՝ միաժամանակ, խոչընդոտելով նրա առաջնագիծ մեկնելուն։ Երբ Անին մեկնեց Արցախ, Ռուբենն արդեն զոհվել էր։

«Թե՛ ես, թե՛ ընկերներս, ամենաշատը, որ Ռուբենից ընդօրինակել ենք, կյանքը սիրելն է։ Միշտ օրով  էր ապրում ու հաճախ ասում՝ ի՞նչ գիտես՝ վաղը ի՞նչ է լինելու։ Մշտապես հիշում եմ այդ խոսքերը,  ու հիմա ե՛ս եմ փորձում ապրել հնարավորինս լավ՝ առանց մտածելու, թե հաջորդ րոպեին ինչ է լինելու»,-ասում է Անին։

Պատերազմից յոթ ամիս անց նա զորացրվեց բանակից, որոշ ժամանակ զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, իսկ 2021-ին ընկերներով հիմնեցին «Զարկ» կրթական ծրագիրը, որի շրջանակում 10-17 տարեկաններին պատրաստում են ֆիզիկապես ու գաղափարապես։ Ծրագրի իրականացման ընթացքում ծանոթացավ ապագա ամուսնուն, հետաքրքիր զուգադիպությամբ՝ անունը դարձյալ Ռուբեն։ Այս օրերին ամեն րոպե առաջնեկին են սպասում։

Կարդացեք նաև

Back to top button