ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Թրա՞մփ, թե՞ Հարիս․ ամերիկյան ընտրությունների հայկական խոստումները

Մինչ աշխարհը սպասում է «Թրա՞մփ, թե՞ Հարիս» հարցի պատասխանին, իսկ լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները սոցհարցումների թարմացված տվյալներ են հրապարակում, ըստ որոնց՝ երկու թեկնածուների վարկանիշները գրեթե նույնական են, փորձում է կողմնորոշվել նաև ամերիկահայ համայնքը։

Երկու թեկնածուներն էլ քարոզարշավի ընթացքում հայկական գործոնը չեն շրջանցել։ Թե՛ Թրամփը, թե՛ Հարիսը խոսել են հայկական խնդիրների մասին՝ խոստանալով աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերին։ Վերլուծաբանները հետևում են հայտարարություններին՝ հորդորելով դրանք դիտարկել նախընտրական տրամաբանության մեջ։

Առաջիկա ժամերի ընթացքում ԱՄՆ քաղաքացիների քվեարկության արդյունքում պատասխան կստանա հարցը, թե առաջիկա 4 տարիներին ով կղեկավարի Սպիտակ տունն ու ինչ ճանապարհով կգնա երկիրը։ Ամերիկացի ընտրողների մի զգալի հատված՝ 50 միլիոնից ավելի մարդ, արդեն քվեարկել է։ Մյուսները կքվեարկեն նոյեմբերի 5-ին։ 

Ընտրություններին ընդառաջ փորձում է կողմնորոշվել նաև ամերիկահայ համայնքը։ Երկու թեկնածուներն էլ քարոզարշավի ընթացքում հայկական գործոնը չեն շրջանցել։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին։

Ըստ հաղորդագրության՝ հանրապետական թեկնածուն  վերահաստատել է իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։ Ավելի վաղ Թրամփը, նույն թեմային անդրադառնալով, Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս Արցախ ձևակերպումն էր օգտագործել, իսկ տեղի ունեցածը էթնիկ զտում էր անվանել։

Քամալա Հարիսն էլ Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում ասել էր, որ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար։

«Ռադիոլուրի» հետ զրույցում «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը հիշեցնում է, որ ընտրություններից առաջ թեկնածուները միշտ են փորձել սիրաշահել հայ համայնքին՝ քվեներ ստանալու համար։

«Առաջին անգամ չէ, որ Արցախ բառն օգտագործում է։ Վերջին շաբաթվա ընթացքում երկու թեկնածուներն էլ հայտարարություններ արեցին՝ ուղղված հայ համայնքին։ Նման հայտարարություններ մենք շատ ենք լսել վերջին 20-30 տարվա ընթացքում։ Բոլոր թեկնածուներն էլ հայտարարություններ են արել, քանի որ կարիք ունեն քվեների, որպեսզի կարողանան հաղթել։ Արաբներին մի բան պետք է ասեն, հրեաներին մեկ այլ բան, հայերին՝ մի ուրիշ բան, որպեսզի սիրաշահեն ու քվեներ ստանան, բայց պետք չէ շատ լրջորեն վերաբերվել այդ հայտարարություններին, քանի որ դրանք ընտրապայքարի խոստումներ են, և երբ որ ընտրություններն ավարտվեն խոստումները կմոռացվեն»։

Թրամփի կողմից «Արցախ» անվանման կիրառումն ու «էթնիկ զտումներ» ձևակերպման հիշատակումը ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով հնարավորություն է տալիս Թրամփի ընտրվելու դեպքում աշխատել այս հարցերում ԱՄՆ վարչակազմի հետ և որոշակի ազդեցություն ունենալ վարչակազմի վրա։

«Իհարկե այստեղ անթուլատրելի է հաշվի չառնել նախընտրական գործոնը, սակայն այսօր Թրամփն իր իսկ ձեռքով նախանշում է իր հնարավոր արտաքին քաղաքականությունը, որի վրա, ըստ ձևավորված միջավայրի, մենք կարող ենք ազդեցություն ունենալ: Մենք ասելով ի նկատի ունեմ առաջին հերթին հենց հայկական համայնքը, եկեղեցին, հայկական լոբբին, հայերի բարեկամ քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները»։

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը այն  քաղաքական ուժի ներկակացուցիչն է, որի անդամ, գործող նախագահ Ջո Բայդենը 2021-ին արեց ԱՄՆ վարչակարգից սպասվող գլխավոր քայլը՝  1915-ին տեղի ունեցածը որակելով ցեղասպանություն։ Սա այն էր, ինչին սպասում էր հայ համայնքը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը։

«Ամերիկահայությունը տասնամյակներ պայքարում էր, որ որևէ նախագահ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և վերջապես Բայդենը ճանաչեց։ Սակայն 1952 թին ԱՄՆ կառավարությունը համաշխարհային դատարան է ուղարկել պետական մի փասռաթուղթ, նշելով, որ հայկական ջարդենը համարում է ցեղասպանություն։ Նաև մինչ Բայդենը Հայոց ցեղասպանուոյունը ճանաչվել է 1981 թ-ին Ռեյգանի կողմից, նա գրավոր պաշտոնական հայտարարություն արեց նշելով Հայոց ցեղասպանությունը»։

«Ռադիոլուրի» զրուցակիցը թեև հորդորում է շատ տուրք չտալ նախընտրական խոստումներին, բայց նաև կարծիք է հայտնում, որ հանրապետական թեկնածուն շատ ավելի անկանխատեսելի քաղաքական գործիչ է։

«Թրամփը շատ անկանխատեսելի թեկնածու է, Ոչ ոք չգիտի թե նա ինչ կանի, հաճախ անգամ ինքը անգամ չգիտի իր անելիքը, այդ րոպեին ինչ մտքին գալիս է ՝ որոշում է»։

Վերլուծաբաններ կարծիքով՝ Թրամփ, թե Հարիս հարցի պատասխանից են կախված զարգացումներն աշխարհի թեժ կետերում։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ եթե ԱՄՆ ընտրություններում Թրամփը հաղթի, Հայաստանը ստիպված կլինի վերանայել իր քաղաքականությունը։

«Եթե հանկարծ Թրամփը հաղթի, ՀՀ իշխանությունը ստիպված կանգնելու է իր արտաքին քաղաքականուոյունը վերանայելու հրամայականի առաջ, քանի որ  առանց այն էլ ռեգիոնալ միտումները խիստ ուժեղացել են և միաբևեռ աշխարհ չկա, հիմա դրան գումարվում են այլ գործոններ ևս»։

Վերլուծաբանների մյուս մասի կարծիքով՝  ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասի ու Հայաստանի նկատմամբ քիչ հավանական է, որ փոփոխության կենթարկվի, այդպես եղել է վերջին տասնամյակներում՝ փաստում են մասնագետները։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ նոյեմբերի 5-ին նաև Կոնգրեսի ընտրություններ են, որտեղ հանրապետականների հնարավոր հաղթանակը լուրջ ազդեցություն է ունենալու ամերիկյան քաղաքական օրակարգի վրա:

«Ինձ համար միևնույնն է, թե ով է հաղթելու նոյեմբերի 5-ին, վստահ եմ ցանկացած նախագահի հետ աշխատելու հորիզոններ են բացվելու: Այս ամենն ինձ հետաքրքրում է բացառապես մասնագիտական հարթության վրա: Կարծում եմ նաև, որ Հայաստանի իշխանության և Հայաստանի պետական/ազգային շահերն իրարից էապես տարբերվող երևույթներ են և, որպես այս ամենի հետևանք, ամերիկյան ցանկացած իշխանության հետ այլընտրանքային աշխատանք տանելու անհրաժեշտություն լինելու է»:

Հարութ Սասունյանն էլ վերլուծում  է, թե որ թեկնածուն որքան կարող է չարաշահել խոստումներ տալու և դրանք չիրագործելու հնարավորությունը։

«Ամերիկյան օրենքով նախագահը կարող է ծառայել միայն երկու շրջան, այսինքն 8 տարի ժամկետով։ Թրամփը արդեն 8 տարի ծառայել է, և չի կարող չորս տարի հետո ևս 8 տարով ծառայել։ Եթե Հարիսը հաղթի կարող է չորս տարի հետո ևս մեկ անգամ թեկնածություն դնել, դա կարևոր է քանի որ եթե մի նախագահ ընտրվում է և իր խոստումները չի հարգում շատ բան չենք կարող անել այդ թեկնածուին, բայց եթե այդ թեկնածուն չորս տարի հետո դարձյալ թեկնածություն առաջադրի և գա մեզ մոտ խոստումներ տալու, մենք կասենք ստոպ, մենք ձեզ չենք հավատում»։

ԱՄՆ քարոզարշավի ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն էլ հրապարակել է կոնգրեսական 84 թեկնածուների անուններ՝ կոչ անելով հայ համայնքին քվեարկել նրանց օգտին։ Այդ թեկնածուների անուններն առանձնացվել են՝ հիմք ընդունելով շուրջ 40 ոլորտում նրանց գործունեության վերաբերյալ սեփական գնահատումները։ Մասնավորապես, դիտարկվել է Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը։

Ըստ հանձնախմբի հայտարարության՝ հայ ընտրողները կարող են դառնալ առանցքային ուժ՝ ազդելով ընտրությունների արդյունքների վրա, հատկապես ռազմավարական նահանգներում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը վստահեցնում է, որ Հայ դատի հանձնախումբն ուս ուսի կանգնած է յուրաքանչյուր օրենսդիրի կողքին, որն արժանացել է նրանց հավանությանը։

Կարդացեք նաև

Back to top button