«Անհատը և հանրայինը» հասարակագիտական տեքստերի թարգմանական ժողովածուն, անհատի և հանրության փոխհարաբերությունների և ինքնաճանաչման հնարավորությունների մասին է։ Գիրքը ներառում է ժամանակակից սոցիալական տեսաբանների հոդվածներ, հատվածներ՝ աշխատություններից։ Դրանք հասարակագիտական տեքստեր են, որոնք առնչվում են նաև հայաստանյան հանրության հասարակական, հոգեբանական, մշակութային, քաղաքական և այլ խնդիրներին։
Թարգմանական նախագծի խմբագիր, թարգմանիչ, սոցիալական հետազոտող, հոգեբան Սոնա Մանուսյանը և նախագծի մշակող սոցիոլոգ, «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպության նախագահ Արփի Մանուսյանը խոսում են, թե ինչու են անհրաժեշտ նման գրքերը, ինչ նպատակ ունի այս ժողովածուն, անհատի ու հանրայինի հակասական խնդիրների, պատերազմի հետտրավմատիկ ինքնաշտպանության ու օտարման և այլ խնդիրների մասին։
Սոնա Մանուսյանն ասում է, որ ժողովածուն նպատակ չունի որոշակի իմաստնություն «ներկրելու» կամ գրադարակներում ևս մեկ գիրք ավելացնելու, այս տեքստերը հնարավորություն են դրանք մեզ վրա «փորձելու»՝ մեր խնդիրներն ավելի լավ պատկերացնելու համար, կամ՝ խնդիրների մասին տեքստերի միջոցով մտածելու, և ոչ թե՝ տեքստերի հիման վրա։
Հեղինակներց ոմանց տեքստերը գրվել են նախորդ դարի 50-ականներին, բայց դրանք շատ արդիական են, խոսում են նույն հիմնախնդրի շուրջ, բայց թույլ են տալիս դրանք նայել տարբեր դիտանկյուններից։ «Մենք ունենք նաև լեզվի հարցը․ ինչպե՞ս խոսել, ի՞նչ լեզվով խոսել մեր մասին։ Այս տեքստերը կարող են նպաստել, որ ձևավորվի հասարակագիտական հանրային լեզու, որոշակի խնդիրների մասին խոսելու»,-նշում է Արփի Մանուսյանը։
Անհատի ու հանրայինի հարաբերությունները այսօր վնասված են և կա ինքնաօտարման միտում, տեղեկատվության ու ապատեղեկատվության ալիքը և բուն իրադարձությունները մեկ անհատի համար չափազանց է և հանրայինի ու անհատի առնչությունը դեռևս լավ մտածված չէ։ Անհատի ու քաղաքական ոլորտի միջև ընկածն ամենաիրականն է , որը ուսումնասիրված չէ, ասում է Սոնա Մանուսյանը։