ԿարևորՄիջազգային

Իրանը կարող է հարվածել Իսրայելին մինչև ԱՄՆ ընտրությունները․ Financial Times

Իրանը կարող է քննարկել Իսրայելի տարածքի վրա հարձակման հնարավորությունը առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով Իրանի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներին։

Ըստ FT-ի՝ հարվածը կարող է լինել նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ ընտրություններից առաջ։

Ինչպես նոյեմբերի 2-ին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Ալի Մոհամմադ Նաեյնին, Իսրայելի հարձակմանը Իրանի պատասխանը կլինի անակնկալ և կգերազանցի թշնամու բոլոր սպասելիքները։ Նաեյնիի խոսքով՝ հրեական պետությունը «սխալվում է՝ կարծելով, թե Իրանը վախենում է պատերազմի և իր հետ ուղիղ առճակատման մեջ մտնել՝ ռազմական հարձակումները թողնելով անպատասխան»։

Հոկտեմբերի 1-ին Իրանը լայնածավալ հրթիռային հարձակում գործեց Իսրայելի վրա՝ ի պատասխան պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության, լիբանանյան շիական Հեզբոլլահի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր անձանց սպանություններին։ Իսրայելը խոստացել էր պատասխանել հարձակմանը։

Հոկտեմբերի 26-ին Իսրայելի բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։

Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ ասվում է՝ հարձակման են ենթարկվել Իլամի, Թեհրանի և Խուզեստանի նահանգների ռազմական օբյեկտները, բայց վնասը սահմանափակ է, և հիմնական հարվածը հաջողությամբ հետ է մղվել։ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինվոր և մեկ քաղաքացիական անձ:

Կարդացեք նաև

Back to top button