Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ու Հեզբոլլահի միջև հրադադարի հեռանկարներն ուրբաթ օրը խարխլվել են, իսրայելական օդային հարվածների հետևանքով Գազայի հատվածում նախօրեին սպանվել է առնվազն 68 մարդ, ռմբակոծվել են նաև Բեյրութի հարավային արվարձանները:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ ավիահարվածի ժամանակ Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում սպանվել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Իզդ-Դին Քասաբին և նրան բնութագրել է որպես ՀԱՄԱՍ-ի վերջին ողջ մնացած բարձրաստիճան անդամներից մեկը, որը համակարգում էր Գազայում գործող մյուս խմբավորումների գործողությունները:
ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ՝ մինչև նոյեմբերի 5-ը, ԱՄՆ բանագնացներն աշխատում են հրադադար ապահովել երկու ճակատներում: Սակայն ՀԱՄԱՍ-ը ժամանակավոր զինադադարի կողմնակից չէ, ուրբաթ օրը հաղորդել է «Ալ-Աքսա ՀԱՄԱՍ» հեռուստաընկերությունը:
Հրադադարի առաջարկները չեն բավարարել խմբավորման պայմաններին, ըստ որոնց՝ ցանկացած գործարք պետք է վերջ դնի Գազայում մեկ տարի տևող պատերազմին և ներառի իսրայելական ուժերի դուրսբերումը ավերված պաղեստինյան անկլավից, ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր առաջնահերթությունը անվտանգության ապահովումն է «չնայած ճնշումներին և սահմանափակումներին»:
Նրա գրասենյակը հայտնել է, որ նա հինգշաբթի օրն այս ուղերձը փոխանցել է Իսրայելում ԱՄՆ բանագնացներ Ամոս Հոխշտեյնին և Բրեթ ՄաքԳուրքին: Սակայն ուրբաթ Իսրայելը շարունակել է իր ռազմական հարձակումները Գազայում ՀԱՄԱՍ-ի և Լիբանանում Հեզբոլլահի դեմ:
Գազայի բժիշկները հայտնել են, որ Դեյր Ալ-Բալահ քաղաքի, Նուսեյրաթ ճամբարի և Ալ-Զավայդա քաղաքի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ գիշերը և առավոտյան մոտ 68 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Իսրայելական բանակը հայտնել է, որ իր զորքերը ոչնչացրել են, ինչպես իրենք են անվանել, Գազայի կենտրոնում և հյուսիսային Ջաբալիա շրջանում զինված ահաբեկիչներին:
ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների ղեկավարներն ուրբաթ օրը հայտարարել են, որ Գազայի հյուսիսում իրավիճակը «ապոկալիպտիկ» է, որտեղ պաղեստինցի ողջ բնակչությունը «հիվանդությունից, սովից և բռնությունից մահանալու անմիջական վտանգի տակ է», քանի որ Իսրայելն այդ տարածքում շարունակում է իր հարձակումը ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ։
Իսրայելը նաև ուրբաթ առավոտյան առնվազն 10 հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է Reuters-ը: Հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը հրաման է տվել տարհանել Լիբանանի մայրաքաղաքի 10 թաղամասերի բնակիչներին:
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ուրբաթ օրը մեղադրել է Իսրայելին՝ ասելով, որ բանակցություններում արգելափակվում են առաջընթացի հնարավորությունները։
«Իսրայելական հայտարարություններն ու դիվանագիտական ազդանշանները, որոնք ստանում է Լիբանանը, հաստատում են իսրայելական համառությունը առաջարկվող լուծումները մերժելու և սպանելու ու ոչնչացնելու մոտեցումը պնդելու հարցում»,- ասել նա։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ 52 մարդ է զոհվել Բաալբեկ շրջանի մեկ տասնյակից ավելի քաղաքների վրա իսրայելական հարվածների հետևանքով:
«Հեզբոլլահը» սկսել է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ՝ պաղեստինցիների հետ իր համերաշխությունը ցույց տալու համար, մեկ օր անց այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա, սպանելով մոտ 1200 և պատանդնելով 251 մարդու:
Իսրայելի պատասխան հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 43,000 պաղեստինցի, Գազայի հատվածի մեծ մասը ավերակ է դարձել, առնվազն 2,897 մարդ զոհվել է Լիբանանում: