Սերբիայի հյուսիսում երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզման հետևանքով ութ մարդ է մահացել, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։
«Երկու հոգի հիվանդանոցում են, ողջ են, մեկի վիճակը ծանր է: Եվս երկուսը մնացել են փլատակների տակ, մենք կապի մեջ ենք նրանց հետ, այժմ աշխատում ենք նրանց հանելու ուղղությամբ»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ փլատակների մաքրման աշխատանքներում ներգրավված է մոտ 80 փրկարար, մեծ քանակությամբ տեխնիկա։ Դեպքի վայրում են նաև շտապօգնության բրիգադներն ու հրշեջները։
Սերբիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Նովի Սադի երկաթուղային կայարանում ժամը 12:00-ին ապակուց, մետաղից և բետոնից պատրաստված հիսուն մետրանոց ծածկ է փլուզվել: Կայարանի շենքը կառուցվել է 1960-ականներին և վերջին տարիներին վերանորոգվել է՝ Բելգրադ-Բուդապեշտ արագընթաց երկաթուղու վերակառուցման և արդիականացման շրջանակներում:
Սերբիայի երկաթուղային ենթակառուցվածքի պետական ձեռնարկության տվյալներով՝ փլուզված ծածկը չի վերանորոգվել։ Միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները կպարզվեն, հավելել են ընկերությունից։