Հաստատվել է ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Ջոն Թեֆթի թեկնածությունը Ռուսաստանում այդ երկրի դեսպանի պաշտոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը միաձայն կողմ է քվեարկել Թեֆթի թեկնածությանը չծրագրված նիստի ժամանակ: Սա թույլ կտա մինչև օգոստոսի 1-ը, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսն արձակուրդի է գնում, վերջնականապես հաստատել Թեֆթին այդ պաշտոնում:
Այն, որ Թեֆթի թեկնածությունը սատարել են թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները, բացառություն է համարվում ԱՄՆ-ի սենատի համար: Հաճախ նման դեպքերում վերջնական արդյունքը մի քանի ամիս է պահանջում: Ըստ փորձագետների՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր բնույթն է ամերիկացիներին ստիպել նման միասնականություն դրսևորել:
Օբաման Թեֆթի թեկնածությունն առաջարկել էր հուլիսի սկզբին: Այս տարվա փետրվարից ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը Ռուսաստանում թափուր էր։