Greenwashing կամ ինչպե՞ս է Ադրբեջանը «կանաչով լվանում» իր հեղինակությունը։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց երիտասարդները նորից ու ի լուր աշխարհի թվարկում են Ադրբեջանի՝ միջազգային իրավունքին հակասող գործողությունները՝ ռազմական ագրեսիա, էթնիկ զտումներ, մշակութային ցեղասպանություն:
«Ադրբեջանը մեկ տարի առաջ Արցախում էթնիկ զտումներ է իրականացրել՝ բռնի տեղահանության ենթարկելով արցախցիներին, բռնազավաթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանություն իրակացնել՝ ջնջելով հայկական հետքը Արցախից, առայսօր Բաքվում շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ գերիներ, որոնց թվում են քաղաքացիական անձինք և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Նոյեմբերի 11-22-ը Բաքվում տեղի կունենա Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը։ Միջազգային ամենակարևոր բնապահպանական համաժողովներից մեկին ընդառաջ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հարցնում է՝ կլիմայական արդարություն կարո՞ղ է լինել առանց մարդկային արդարության։ Տեսականորեն, կարող է, ասում է, բայց այդպիսով Ադրբեջանի «հանցակիցը» կդառնան նաև հարցին այո բոլոր պատասխանողները․
«Պահանջում ենք, որ կլիմայական արդարության հետ անքակտելի կապով կապված մարդու իրավունքների պաշտպանությունը լինի COP 29-ի հենքը և առանցքը։ Պահանջում ենք, որ մեր ձայնը լսելի լինի, մեր պահանջները իրագործվեն»։
Ակցիայի կազմակերպիչներից Արշակ Մեսրոպյանն ասում է՝ COP29-ին ընդառաջ աշխարհի տարբեր կետերում հայ երիտասարդների կազմակերպած տեղեկատվական արշավները ապարդյուն չեն անցել։
«Համաշխարհային երիտասարդական շարժում է սկսվել։ Ավելի քան 20 երկրներում երիտասարդական միավորները, իրար հետ աշխատելով և համագործակցելով, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում՝ քարոզչական արշավներից մինչև իրազեկում՝ միջազգային հանրությանը սթափեցնելու»։
Այս արշավների արդյունքում մի շարք բնապահպանական ու իրավապաշտպան կառույցներ հրաժարվել են նոյեմբերի 11-ին Բաքու մեկնելուց։
«Օրինակ՝ Նյու Յորքի հեղինակավոր Կոլումբիա համալսարանը պաշտոնապես հետ կանչեց և չեղարկեց COP 29-ին իրենց մասնակցության որոշումը։ Սա կարևորագույն ձեռքբերումներից մեկն է»։
COP-29 Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից ու Արցախի հայաթափումից երեք ամիս անց։ Համաժողովը Ադրբեջանում անցկացնելու հարցում որոշիչ է եղել նաև Երևանի համաձայնությունը՝ 32 հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց։ Որոշ մասնագետներ չէին բացառել, որ COP-29 –ին ընդառաջ իմիջի բարձրացման համար Բաքուն ազատ կարձակի հայ գերիներին։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն այդ հնարավորությունը տեսականորեն չի բացառում, բայց չի կարծում, որ որոշումը կվերաբերի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
«Իրատեսական մոտեցման պարագայում մենք չենք կանխատեսում ղեկավարության ազատ արձակում, սակայն չենք բացառում այլ կատեգորիայի պատանդների, օրինակ, 2023-ի ռազմագերիների ազատ արձակում։ Նրանք կարող են մարդասիրական ժեստի ֆոնին ազատ արձակվել»։
Միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում ամերիկյան Politico պարբերականը գրել էին, որ բազմաթիվ ընկերություններ նախընտրում են չմասնակցել գագաթնաժողովին։ Ադրբեջանը Հայաստանին ևս մասնակցության հրավեր է ուղարկել, բայց պաշտոնական Երևանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ COP29-ին, թե՞ ոչ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս հիշեցրել էր՝ գագաթնաժողովը Բաքվում անցկացնելու համաձայնության դիմաց Հայաստանը 32 գերիների էր վերադարձրել, նրա խոսքով՝ Ադրբեջանը պատմական շանս ունի՝ աշխարհի առջև դրական լույսի ներքո հանդես գալու․
«Գերի ստացանք դրա դիմաց․ ոչ թե աջակցել ենք, այլ կարելի է ասել, շատ վատ իրավիճակում, վատ տրամաբանության մեջ ստիպված ենք եղել դրան համաձայնել, որպեսզի 32 գերի վերադառնա Հայաստան։ Բա չհամաձայնեի՞նք, ինչ է թե մի ՄԱԿ-ի միջոցառում պիտի լիներ։ Միջազգային տարբեր կառույցներում թե՛ վերաբերմունքը, թե՛ պատվիրակությունների գործունեությունը դադարեցնելը, թե զեկույցները հենց դրա մասին են խոսում, և կարծում եմ, որ Ադրբեջանը նույնպես պետք է սրա նկատմամբ ուշադիր լինի։ Նա պատմական շանս ունի դրական մեսիջ ուղղել աշխարհին, պատմական շանս ունի դրական դեմքով հանդես գալ»։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր։ COP17–ը կայանալու է Երևանում 2026 թվականին։ Ընտրության ժամանակ Հայաստանը 65, Ադրբեջանը 58 ձայն է ստացել։