ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Արայիկ Հարությունյանը՝ խաղաղության պայմանագրի, տարածաշրջանային նախաձեռնությունների և ապագա այցերի մասին

Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ապագա նախաձեռնություններին, ինչպես նաև Հայաստանի հնարավոր մասնակցությանը Բաքվում նախատեսվող COP-29 գագաթնաժողովին։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

 «Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները»։

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս համոզմունքը հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա ընդգծեց, որ նման շփումներն օգտակար են երկխոսության համար, և հայկական կողմը միտված է այն գաղափարին, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրումը կդառնա իրականություն։

 «Քննարկումներն եղել են tête-à-tête ու պատվիրակություններով: Մենք տեսնում ենք խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն»։

Հարությունյանը նաև ընդգծեց երկուստեք զիջումների կարևորությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» նախաձեռնությանը, որը նպատակ ունի աջակցել տարածաշրջանային կայունության և համագործակցության ծրագրերին, շեշտում է, որ Հայաստանն իր կողմից այդ նախագծի գաղափարի առաջխաղացմանն է աջակցում։ Նրա փոխանցմամբ՝ այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին նախատեսում են ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցչիների հավաք կազմակերպել Հայաստանում։

Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ մոտ ապագայում նախատեսվում է Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան, որի ընթացքում ևս կքննարկվի «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։ Նշեց նաև, որ առաջիկայում կլինի իրանցի գործընկերների այց Հայաստան։ Քառօրյա փորձագիտական այցի ընթացքում նաև «Խաղաղության խաչմերուկն» է քննարկվելու:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովին, Հարությունյանը փակագծեր չբացեց․

«Հրավեր կա, բայց այս պահին դրանից ավելի որևէ բան չեմ կարող ասել»:

Նա հավելեց, որ չի ցանկանում խոսել նախապայմանների մասին՝ նշելով, որ բանակցություններում նախապայմանները հաճախ արդյունավետ չեն։

Խոսելով խաղաղության պայմանագրի վերջին զարգացումների մասին՝ Հարությունյանը նշեց, որ գործընթացում լուրջ առաջընթաց կա։

«Ցանկացած խաղաղության պայմանագի և համաձայնագիր լավ է, երբ կան փոխզիջումներ, իսկ երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի տարբերակներն այս պահին խմբագրված գտնվում են կողմերի մոտ։ Եթե նոր խմբագրումներլինեն, կամ՝ հանդիպման անհրաժեշտություն, ապա այդ մասին տեղեկություն կհաղորդվի։

Back to top button