Եկող տարվա բյուջեով միակ ավելացումը պաշտպանական ոլորտի ծախսերի գծով է, ընդ որում՝ ոչ միայն ՊՆ-ի, այլև ԱԱԾ-ի մասով՝ ուղղված սահմանների կահավորմանը՝ «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում ասել է Ֆինանսների նախարարը։ 2025-ին թոշակների, նպաստների բարձրացում չի նախատեսվում։ Կառավարության մոտեցմամբ՝ դա տեղի կունենա անկանխիկ գործառնությունների քեշբեքի բարձրացման տեսքով։
Վահե Հովհաննիսյանը փոխանցել է՝ եկող տարի պետական պարտքը կաճի, պետական վարկի սպասարկման գումարը՝ ևս. 2025-ին պարտքը կկազմի շուրջ 5.9 տրլն դրամ, շուրջ 5.35 մլրդ էլ՝ այս տարվա վերջին՝ ՀՆԱ 50 +/- 1 տոկոսի չափով: Պետական պարտքի տոկոսադրույքները ներկայում 9-10 տոկոսի միջակայքում են:
Շրջանառության հարկի դաշտից մի շարք ոլորտների տնտեսվարողների ավելացված արժեքի հարկի դաշտ տեղափոխելու աղմկահարույց նախագիծը գուցե չընդունվի այն տեսքով, որով դրվել է քննարկման, բացի այդ՝ այն հավանաբար կընդունվի ոչ թե հունվարի, այլ հուլիսի 1-ից։
Նախնական ծրագրածով՝ եկող տարի կրճատվելու են արցախիներին աջակցության ծրագրերը, իսկ շեշտադրումը դրվելու է նրանց բնակապահովման ուղղության վրա։
Նախարարը նաև խոստովանել է՝ փորձելու են «զսպել» հարկային քաղաքականության մեջ հաճախակի կատարվող փոփոխությունները. «Քննարկումներից հետո՝ առաջիկա մեկ տարում, հնարավոր է՝ հանդես գանք Հարկային նոր օրենսգիրք ունենալու նախաձեռնությամբ»։
Վահե Հովհաննիսյանը խոսել է նաև հարկատուների համար նախատեսվող թվային նոր գործիքների, վարձով տրվող բնակարանների փաստաթղթավորման աճի, տնտեսության նոր ռիսկերի մասին: Նա հնարավոր է համարել մեքենաների հարկման վերանայումներն ու վառելիքի թանկացումը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ բռնագանձված ապօրինի գույքի գումարային արժեքը գերազանցում է 10 մլրդ դրամը։
Այս ու այլ հարցերի շուրջ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ Լիանա Եղիազարյանն է զրուցել: