Սփյուռքի ձայնը

Քննադատությունից` գործնական քայլերի. բրազիլահայ իրավաբանի խորհուրդը. «Սփյուռքի ձայնը»

Բրազիլիայում այսօր ապրում է շուրջ հիսուն հազար հայ: Հայերը Բրազիլիայում հիմնականում զբաղվում են կոշիկի արտադրությամբ, ինչը դարեր առաջ ձևավորված մասնագիտության նախընտրություն է, թեև կան նաև շատ այլ ոլորտներում աշխատող ու հայտնի հայտնի հայեր՝ ասում է Բրազիլիայի ՀԲԸՄ ղեկավար, իրավաբան Ավետիս Մարկոսյանը, որը Հայաստանում էր համահայկական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ավետիս Մարկոսյանի նախնիները տարբեր իրավիճակներում են հայտնվել Բրազիլիայում: Ինքը ծնվել է այդ երկրում: Ասում է, որ այս և նման հանդիպումները Հայաստանում կարևոր են` ծանոթություններ ձեռք բերելու և դրանք գործնական դաշտ տեղափոխելու համար: «Ես հաճախ եմ ասում, որ մենք` դրսում ապրողներս, իրավունք չունենք շատ մեկնաբանություններ անել Հայաստանում տեղի ունեցողի մասին: Ու այն հայը, որը ուզում է օգտակար լինել Հայաստանին, պետք է գործնական քայլ անի: Գտնվել այլ երկրում, օգտվել այդ երկրի բարիքներից ու լավ կյանքից և քննադատել Հայաստանը` սխալ է: Բայց մյուս կողմից պետք է հպարտանանք, որ սփյուռք ունենք և սփյուռքի համար էլ Հայաստանի կառավարությունը պետք է բաց լինի», — ավելացնում է Բրազիլիայի ՀԲԸՄ ղեկավարը:

Ավետիս Մարկոսյանը վստահ է, որ այսօրվա դարում պետք է կիրառել դրական լոբբինգը աշխարհի հայերի միջոցով` աշխարհի խաղացողներին գրավելու համար: «Բրազիլիան գեոպոլիտիկ առումով շատ մեծ տեղ չունի աշխարհում, բայց մենք նույնպես պետք է աշխատանք տանենք այս ուղղությամբ: Վերջին տարիներին մենք հաճախ ենք Հայաստան բերում բրազիլացի լրագրողների, որոնք իրենց աչքով են տեսնում ու ծանոթանում մեր մշակույթին ու առանձնահատկություններին:

«Ես այդ հանդիպումներին չեմ մասնակցում, քանի որ դրանք կարող են սուբյեկտիվ բնույթ կրել: Ուզում եմ, որ նրանք իրենց աչքերով տեսնեն մեր երկիրն ու բրազիլացի հանրությանը ներկայացնեն իրենց տեսակետները: Այդ պատվիրակությունը Հայաստանում է լինում ապրիլ ամսին, ինչը ինքնանպատակ չէ: Այդ շրջանում նրանք այցելում են Ծիծեռնակաբերդ, մի քանի ժամ անցկացնում ցեղասպանության թանգարանում և այլն», — պատմում է Ավետիսը:

Ավետիս Մարկոյանը, խոսելով բրազիլիայի համայնքի մասին, ասում է. «Մեր համայնքը ձևավորվել է հարյուրամյակներ առաջ: Այն տասնամյակների ընթացքում ձևափոխումների չի ենթարկվել: Սա, ըստ նրա,  ունի իր դրական, բայց նաև բացասական կողմերը: Բրազիլահայերը, որոնք տասնամյակներով ու հարյուրամյակներով այդ երկրում են ապրում` ինչ-որ չափով ձուլվել են բրազիլացի հասարակույթան հետ, իսկ նոր եկողները այդ առումով կարող էին համայնքը սնուցող միջոցներ դառնալ:

Կարդացեք նաև

Back to top button