Վիեննայի Երաժշտության և կատարողական արվեստների համալսարանը, Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը` Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ միջազգային գիտաժողով անցկացրին՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին։
Թանգարան–ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը պատմում է. «Շատ հետաքրքիր անցան աշխատանոցները։ Առաջինի ժամանակ ծանոթացրինք հայկական պարեղանակներին, իսկ երկրորդ օրը Թամզարա և Փոփուրի պարերը սովորեցրինք գիտաժողովի մասնակիցներին, ինքներս էլ սովորեցինք վալսի նախատիպ հանդիսացող լենդլեր պարը»։
Թեմատիկ շրջանակը լայն և հետաքրքիր ստացվեց։ Ոչ միայն հայ և ավստրիացի, այլև աշխարհի տարբեր երկրներից ժամանած ֆոլկլորի մասնագետներ էին մասնակցում գիտաժողովին, որոնք ծանոթացան թե՛ Կոմիտասի ստեղծագործությանը, թե՛ հայկական ժողովրդական երգարվեստին։