Գերդաստաններ

Ուսուցիչն ու բժիշկը սխալվելու իրավունք չունեն․ Անահիտ Վարդանյանի պատգամը դստերը. «Գերդաստաններ»

Անահիտ Վարդանյանը գնահատված մանկավարժ է: Չորս տասնամյակից ավելի դասավանդել է դպրցում։ 1996 թվականից եղել է Լևոն Շանթի անվան դպրոցի տնօրեն, արժանացել Կրթության նախարարության ոսկե հուշամեդալի, պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով։ Անահիտ Վարդանյանի դուստրը՝ Նաիրա Սիմոնյանն այսօր Խրիմյան հայրիկի անվան համար 10 դպրոցի տնօրենն է։

Սասունից արևելյան Հայաստան գաղթած գերդաստանի զավակ Անահիտ Վարդանյանի հայրը՝ Օհանջանը, գրասեր մարդ էր։ Իր ընտանիքի  բոլոր անդամներին ու երեխաներին  հորդորում էր կարդալ։ Ամեն անգամ նոր գիրք առնելիս՝ հետևում էր, որ անտարբերության չմատնեն։ Ինչ–որ ժամանակ Օհանջանն ուսուցչությամբ էր զբաղվել և երեխաների մեջ էլ  սեր էր արթնացրել այդ մասնագիտության նկատմամբ։

Նաիրան հիշում է, որ Օհանջանը ոչ միայն կիրթ ու բանիմաց մարդ էր, այլև մի առանձնակի հարգանք ուներ այն մարդկանց  հանդեպ, որոնք պատվով ու արժանապատվությամբ էին կատարում իրենց աշխատանքը, խոնարհվում էր նրանց առջև՝ լիներ մի օտար, թե իր հարազատ զավակը։

«Բժիշկը և ուսուցիչը սխալվելու իրավունք չունեն». սա Անահիտ Վարդանյանի նշանաբանն էր։ Աշխատելով Լևոն Շանթի անվան  միջնակարգ դպրոցում՝ Անահիտ Վարդանյանը, դպրոցում իրականացրած մի շարք ծրագրերի համար արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի ու պատվոգրերի։ Մասնակցելով Երևանի պետական համալսարանի կազմակերպած «Տրամաբանական մտածողության զարգացումը դպրոցում» ծրագրին՝ այդ հմտությունը զարգացնող նորույթներն ու մեթոդիկան ներդրել է դպրոցում։ Ստեղծել է «Թանգարան-դասարան», ֆիզիկայի հարուստ լաբորատորիա, հիմնել արտադասարանական խմբակներ։ Դպրոցում հիմնել է լուսանկարչական խմբակներ, որտեղ աշակերտները ծանոթանում էին լուսանկարչության գաղտնիքներին, պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքներին, ստեղծում իրենց լուսանկարները։ Այս դպրոցի աշակերտներից շատերն էին ընդունվում բուհեր։ Անահիտ Վարդանյանի ուշադրության ու հոգածության կենտրոնում էր ոչ միայն գեղագիտական, այլև հայրենասիրական դաստիարակությունը։ Նրա աշակերտներից շատերը մասնակցել են արցախյան պատերազմին, շատերն էլ, ցավոք, զոհվել են։

Անահիտ Վարդանյանի աշակերտ, ուսուցչուհի Լուսինե Մանուկյանը հետաքրքիր դրվագներ է հիշում իր դպրոցական տարիներից, մինչ օրս կապ ունի իր սիրելի ուսուցչի հետ, լսում է նրա խորհուրդները՝ կիրառելով դրանք իր դասարանում։

Նաիրա  Սիմոնյանն այսօր ուղեկցվում է մոր այն պատգամով, որ ղեկավար ու պաշտոն զբաղեցնող մարդը, կարևոր է, որ ճանապարհ անցած լինի։ Մայրը Նաիրայի մեջ տեսել էր դպրոց ղեկավարելու կարողությունը։

Դպրոցը չափազանց մեծ նվիրում է պահանջում, Նաիրան մի պահ նույնիսկ տատանվել է՝ թողնե՞լ նախկին աշխատանքը, թե ոչ։ Հետևելով մոր խորհուրդներին՝ այսօր նա դպրոցում ստեղծել է մի միջավայր, որը ոչ միայն կմնա աշակերտի հիշողության մեջ, այլև կրկին վերադառնալու ցանկություն կարթնացնի։ 

Անահիտ Վարդանյանի քույրը ևս մանկավարժ է։ Նա Թբիլիսիում մանկահասակ երեխաներին հայերեն է սովորեցնում։  Այսօր, երբ  մայր ու աղջիկ քայլում են Սայաթ-Նովա փողոցով, հաճախ են հանդիպում երախտագիտությամբ լի ծանոթ հայացքներ։

Կարդացեք նաև

Back to top button