Սփյուռքի ձայնը

Ի՞նչ գործառույթներ ունեն «Սփյուռքի երիտասարդ դեսպանները». «Սփյուռքի ձայնը»

«Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի` արդեն չորս տարվա պատմություն ու փորձառություն ունեցող ծրագրերից է: Ծրագրերը ողջ տարվա ընթացքում իրականացնում է՝ տարբեր երկրներից ընտրված երիտասարդների միջոցով: Շուրջ մեկ տարի է հատկացվում յուրաքանչյուր երիտասարդին, որը, նախ ներկայացնելով իր համայնքային ակտիվությունն ու տարբեր ծրագրերին մասնակցությունը, ընտրվում է երիտասարդ դեսպան ու այնուհետև աշխատում թե՛ համայնքի ներկայացուցիչների, թե՛ հայաստանյան կազմակերպությունների ու երիտասարդների հետ:

«Հայտերը բազմաթիվ են, սակայն ընտրությունը կանգ է առնում առավել շատ աշխատանքներ ու կապեր ունեցող երիտասարդների վրա: Այս տարի ընտրվել են երեսուն երիտասարդ դեսպաններ, որոնցից քսանութը եկել են Հայաստան ու երկշաբաթյա դասընթաց անցել հայաստանյան գերատեսչություններում ու կազմակերպություններում»,- ասում է «Երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Լիլիթ Խաչատրյանը:

Աստղիկ Հախնազարյանը Նիդեռլանդներից է: Նա նշում է, որ ինֆորմացիայի պակասի պատճառով երկու տարի Նիդեռլանդներից երիտասարդ դեսպան չի ընտրվել, սակայն պատրստ է և՛ այդ ինֆորմացիոն բացը լրացնել, և՛ աշխատանքներ տանել համայնքի բոլոր ներկայացուցիչների հետ:

«Կարևորն այն է, որ մեր համագործակցությունը հայաստանցի երիտասարդների հետ կարողանանք կառուցել: Արդեն այս այցի ընթացում շատ հանդիպումներ ենք ունեցել: Բացի այդ կարևորում եմ միմյանց ճանաչելն ու համայնքային աշխատանքի լավ օրինակներ վերցնելը», — ավելացնում է Ատղիկը:

Մանուշակ Դանիելյանը Գերմանիայի հայությանն է ներկայացնում: Նա նույնպես կարևորում է համայնքի հետ աշխատանքում՝ Հայաստանի մասին ինֆորմացիայի ճշգրիտ ու օբյեկտիվ ներկայացնելը: «Գերմանիայում, ի տարբերություն Նիդեռլանդների, հայերը քիչ են ու ապրում են տարբեր քաղաքներում: Նրանց համախմբելը թեև բարդ է, սակայն` կարևոր, քանի որ մարտահրավերներն են շատ: Այսօր, ինչպես շատ այլ համայնքներում, մեր համայնքներում էլ վստահության  պակաս կա, իսկ դա նաև ինֆորմացիայի պակասից ու սխալ արտահոսքից է սկիզբ առնում: Մենք պետք է կարողանանք նախ երկկողմանի վստահություն ստեղծել, այնուհետև միասին աշխատելու տարբերակներ մշակել»,- նշում է Մանուշակը:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի արդյունավետությունն արդեն զգալի է,-փաստում են ծրագրի ղեկավարն ու երիտասարդ դեսպանները: Դրանք արտացոլվում են համայնքում միասնականություն ստեղծելով՝ անկախ  տարիքից, զբաղեցրած պաշտոնից ու կուսակցական պատկանելությունից, Հայաստանում ապրելու ցանկությամբ ու այստեղ ներդրումներ անելով: «Մեր բոլորի աշխատանքների արդյունքները մեկ տարի հետո կերևան հենց հայրենադարձության թվերով ու Հայաստանում աշխատանքներ սկսելու՝ սփյուռքահայերի ցանկության ավելացմամբ»,– եզրափակում են «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի այս տարվա մասնակիցները:

Կարդացեք նաև

Back to top button