ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կյանք՝ բանտից հետո․ վերաինտեգրման խնդիրներն ու վիճակագրական բացերը

Քրեակատարողական հիմնարկից  հասարակություն ճանապարհին վերասոցիալականացման լրջագույն խնդիրներ կան՝ արձանագրում են ոլորտի փորձագետները։ Նրանց կարծիքով՝ դատապարտյալ դառնալու առաջին իսկ օրվանից անձը պիտի իմանա, թե ինչ քայլեր ու ինչպես պիտի անի, որ կալանավայր այլևս չվերադառնա։ Մասնագետները խոսել են նաև վերասոցիալականացման արդյունքների շուրջ հստակ վիճակագրություն չունենալու մասին։ 

«Արդեն մեկ տարի 10 օր է, որ կալանքից դուրս եմ եկել, մոտ 4-5 ամիս ոչ մի տեղ չէի կարողանում ընդունվել, ինչ-որ բան գտնել, որ հիմա իմ գործով, ինչ-որ մի բանով զբաղվել»։

5 տարի քրեակատարողական հիմնարկում անցկացնելուց հետո Էդգար Կոստանդյանն արդեն ազատության մեջ է, հասցրել է նաև աշխատանք գտնել։

«Մինչև իմ կալանքը իմ անցած ուղին, ինձ թվում է, ապացուցեց, և ինձ նորից վերցրեցին, հիմա աշխատում են որպես ճաշարանի պատասխանատու։ Ճիշտ է, որ նստել եմ, մի քիչ խոչընդոտներ եղել են,  բայց չգիտեմ, մարդիկ ինձ օգնեցին, ես էլ ամեն ինչ անում եմ, որ իրենց վստահությունը չկոտրեմ»։

Թեև Հայաստանը որդեգրել է պատժողականից վերասոցիալականացման անցնելու քաղաքականություն, այնուամենայնիվ բանտից հասարակություն վերադարձի և վերասոցիալականացման ճանապարհին լրջագույն խնդիրեր ունենք՝ նկատում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նարե Հովհաննիսյանը։ Վերասոցիալականացումը դատապարտյալի վերաինտեգրման ծրագիրն է, որի նպատակն այնպիսի  քայլեր մշակելն է, որ նախկին դատապարտյալը  կրկին հանցանք չկատարի։

«Իմ կարծիքով, երբ անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, պետք է շատ հստակ լինի, թե ինչ նպատակ է հետապնդում անձին այդ ծրագրերի մեջ ընդգրկելը, դրանք բազմազան են՝ կրթական, մշակութային և այլն։ Այսինքն՝ մենք ինչպե՞ս ենք նախապատրաստում անձի վերադարձը հասարակություն, և այս առումով ո՞րն է այն ախտորոշումը, որը քրեակատարողական հիմնարկը տալիս է անձին։ Այս առումով աշխատանքները, որոնք կատարվում են, որքանո՞վ են անհատական և ի վերջո, ինչպե՞ս են հանգում այն եզրակացությանը, որ անձը վերասոցիալականացվել է և պատրաստ է հասարակություն վերադառնալուն։ Իմ կարծիքով, այս առումով մենք դեռևս լրջագույն խնդիրներ ունենք, որովհետև եթե անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, կրում է ազատազրկման բոլոր բացասական հետևանքները»։

Դատապարտյալ դառնալու առաջին իսկ օրվանից անձը պիտի պատրաստվի դուրս գալուն․ սա  ամենակարևոր գաղափարն է համարում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը։ Ըստ նրա՝ կան քրեակատարողական հիմնարկներ, որտեղ վերասոցիալականացման ունիվերսալ ծրագրեր չկան։ Մինչդեռ դրանք պետք է լինեն ու գործեն։

«Դուք մտեք «Սևան» քրեակատարողական, «Նուբարաշեն», «Արմավիր» թե «Գորիս», պետք է տեսնեք սթրեսակայունությանը, սոցիալական հմտությունների վերաձևավորմանը , ագրեսիվության  ու բռնության նվազեցմանը միտված մի շարք ծրագրեր, որոնք ընդհանուր դատապարտյալների ծրագրեր են։ Եվ պիտի լինեն կոնկրետ ծրագրեր, որոնք միտված են սեռական բռնության համար դատապարտված անձանց համար, թմրադեղ կամ հոգեմետ այլ նյութերից կախվածություններ ունեցողների համար, սրանք սպեցիֆիկ ծրագրեր են, որոնք մի հիմնարկում կարող են լինել, մյուսում ոչ՝ կախված կոնտինգենտից։ Մենք  ծրագրերի այս ունիվերսալությունը չունենք, ինչը բերում է այլ խնդրի։ Մարդը, որը ստանում է դատապարտյալի կարգավիճակ, պիտի այդ օրվանից իմանա՝ ինքը քանի քայլ պիտի անի, որ դուրս գա հասարակություն, բայց չի իմանում, որովհետև  չկան  այդ ծրագրերը, որտեղի՞ց իմանա»։

«Ռադիոլուրի» հարցին, թե ազատության մեջ հայտնվելուց հետո նախկին դատապարտյալների որ մասն է կարողանում աշխատանք գտնել և վերաինտեգրվել, Արշակ Գասպարյանը պատասխանում է՝ նման վիճակագրություն պարզապես չի վարվում։

«Այդ հարցը պիտի ուղղել Քրեակատարողական ծառայությանը, որը ձեզ չի պատասխանի։ Այդ փորձը մենք ունենք, որովհետև այդպիսի հաշվառում բանտը չի տանում, քանի որ քրեակատարողական համակարգից որևէ մեկը չի պահանջում արդյունավետություն, իսկ այդ ցուցիչը կլիներ արդյունավետության ցուցիչներից մեկը։ Մենք դա փորձում ենք այժմ տալ Ազգային վիճակագրության ծառայությանը, որպեսզի նա պարտադրի արդարադատության նախարարությանն իրեն տրամադրել այդ տվյալները, որովհետև մենք ՄԱԿ-ի հանցավորության և թմրամիջոցների գրասենյակի կողմից ունենք այդպիսի տեղեկություններ հավաքելու պարտադրանք։ Մինչդեռ ՀՀ-ում, մասնավորապես քրեական արդարադատությունում, չկան չափելի ստատիստիկ տվյալներ»։

Հայաստանը պետք է որդեգրի միջազգայնորեն ընդունված ցուցիչները և պարտադրի արդարադատության նախարարության երկու ստորաբաժանումներին՝ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությանը, հավաքել անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝ զբաղվածության և համայնքում ինտեգրացիայի մասին։ Ըստ Գասպարյանի՝  վերասոցիալականացումը պրոցես է, որը պետք է լինի վերահսկելի։ Հակառակ դեպքում, կարծում է, արդյունավետության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Կարդացեք նաև

Back to top button