Հայագիտակ

Աբովյանի վերելքն Արարատ` կամքի ուժի և ոգու կորովի խորհրդանիշ. «Հայագիտակ»

195 տարի առաջ Խաչատուր Աբովյանը Դորպատի համալսարանի պրոֆեսոր Պարրոտի հետ բարձրացավ սրբազան Արարատի գագաթը։ Մարդու ոտքը դեռ չէր դիպել սրբազան սարին, քանի որ դա կհամարվեր սրբապղծություն։ Պարրոտին հաջողվեց համոզել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Նա նաև թույլտվություն ստացավ իր հետ տանել երիտասարդ թարգմանիչ ու հոգևորական Աբովյանին։

Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանն ասում է. «Աբովյանի համար այս վերելքն աներևակայելի ծանր էր։ Նախ նա չուներ համապատասխան հանդերձանք, անգամ գամերով կոշիկներ։ Նրա հագին հոգևորականի բարալիկ սքեմն էր։ Բացի դրանից, իր մեջքին ողջ վերելքի ընթացքում նա կրում էր 12 կիլոգրամանոց խաչափայտը, որն ի վերջո ամրացվեց Արարատի գագաթին։ Այսօր անգամ դժվար է գերագնահատել այս վերելքի դերը, քանի որ այն համաքրիստոնեական նշանակություն ունեցավ»։

Իսկ Աբովյանի կամքի ուժով և ոգու կորովով հիացած Պարրոտի բարեխոսությամբ, Խաչատուրն ընդունվեց Դորպատի համալսարան, և այն ավարտելուց հետո իր ստացած բոլոր գիտելիքները նվիրաբերեց հայրենիքի լուսավորության զարգացմանը՝ հիմք դնելով մշակույթի և գիտության շատ ու շատ ճյուղերի։ Արարատյան վերելքի 195-ամյակը նշվելու է նաև Սանկտ Պետերբուրգում։


Կարդացեք նաև

Back to top button