Հոկտեմբերի 21-25-ը տեղի է ունենալու Creative Armenia Week միջազգային գագաթնաժողովը՝ նվիրված ստեղծարար ձեռներեցությանն ու արվեստի ոլորտում նորարար տեխնոլոգիաների ինտեգրմանը։
Creative Armenia ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը խոսում է ստեղծարար արդյունաբերության առանձնահատկությունների, նրա հայաստանյան զարգացումների, Artbox ծրագրի և առաջիկա գագաթնաժողովի մասին։
Անուշ Տեր-Խաչատրյանն ասում է, որ արվեստը և մշակույթը կարող են լինել շահութաբեր և Հայաստանի գործող արվեստագետների մեծամասնությունը գիտակցում է ստեղծարար արդյունաբերության կարևորությունը։ Նպատակ ունեն այն տարածելու հանրության լայն շրջանակներում, քանի որ արվեստի սպառողները հենց նրանք են։
Creative Armenia Week միջազգային գագաթնաժողովի թեման ստեղծարար արդյունաբերությունն է, ինչպես Անուշ Տեր-Խաչատրյանն է նշում, գագաթնաժողովը ներկայացնելու է եռամյա նախագծերի վերջնարդյունքները և թեմատիկ զրույցներն էլ հենց դրա շուրջ է լինելու։
Գագաթնաժողովը Artbox-ի շրջանակներում ներառելու է զրույցներ բանախոսների հետ, պանելային քննարկումներ, էքսկուրսիաներ՝ դրամաշնորհ ստացած արտիստների ստուդիաներում։
Artbox-ը ինկուբատորների ու ակսելերատորների շարք է։ Երեք տարիների ընթացքում իրականացրել է 8 նախագիծ՝ աջակցություն տրամադրելով շուրջ 300 արվեստագետի, այդ շրջանակներում մշակվել են շուրջ 150 ստեղծարար և բիզնես նախագծեր։
Ակնկալում են, որ Artbox նախագիծն ապագայում ավելի մեծ շրջանառություն ունենա, մեծանա մասնակից արվեստագետների թիվը, ստեղծվեն համագործակցային ծրագրեր հայ արվեստագեների և եվրոպական երկրների միջև։