Արարատի մարզում «Հաղթանակ» խաղողից սև գինի է ստացվում․ ինչը՞ կարող է «հաղթանակ» ապահովել հայաստանյան գինու տուրիզմին
ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ համաժողովի բանախոսները Հայաստանը գինու տուրիզմի գլոբալ քարտեզի կարևոր երկիր են դիտարկում։ Նրանց թվում է եվրոպական Iter Vitis ֆեդերացիայի ղեկավար Էմանուելա Փանկեն։ Գինու տուրիզմի դեսպանն Արարատի մարզի գինեգործարանում ոլորտը զարգացնելու շուրջ դասախոսություն է կարդացել։ Նրա հետ զրուցել է Աստղիկ Փիլիպոսյանը։
Երևանից 35 կմ հեռավորության վրա՝ Արարատի մարզի Տափերական գյուղում, հողի կազմը ծանր կավային է։ Ծովի մակարդակից 800մ բարձրությամբ 6 հեկտար խաղողի այգում աճում է ինքնատիպ համային հատկանիշերով «Հաղթանակ» տեսակի խաղողը։ Այն նման է ֆրանսիական Կաբերնեին՝ ասում է գինու գործարանի տնօրեն, այգին մշակող Միհրան Մանասերյանը։
«Այս տարածաշրջանում աճող «Հաղթանակը» մնացած տարածաշրջաններից, ի նկատի ունեմ Վայոց ձոր կամ հյուսիսային շրջաններ, կամ Արցախ, ամենահաջող բերքն է տալիս»։
Արարատյան կարմրահյութ ողկույզներում մորու և մոռի համային հատկանիշեր կան։ «Հաղթանակի» պտղամաշկը յուրահատուկ ներկանյութ ունի, ինչի արդյունքում գործարանում ստանում են մուգ կարմիր գինի։
«Այնքան մուգ է, որ համտես անողները երբեմն ասում են՝ սև գինի է։ «Հաղթանակ» խաղողի անունն, իրոք, համապատասխանում է իր որակական հատկանիշներին։ Այն բերքի ամենաարագ անցնող խաղողի տեսակն է։ Հողի մեջ փոքր վազ տեղադրելուց հետո 2-րդ, 3-րդ տարվանից սկսում է բերք տալ։ Մնացած հատկանիշների՝ համերի, հոտերի և որակի մասով էլ շատ բարձր եմ գնահատում»։
Արարատի մարզն առատ է խաղողի այգիներով, բայց տերուարները՝ այգիներ, որոնք հագեցած են գինու արտադրության, պահպանման ու համտեսի տնտեսությամբ, շատ չեն։
Հայաստանում սեպտեմբերին անցկացված՝ ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ միջազգային համաժողովի բանախոս, Եվրոպայի գինու զբոսաշրջության առաջատար մասնագետ Էմանուելա Փանկեն «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է Հայաստանի գինեգործական ժառանգությունը նորովի մատուցելու կարևորությունը։
«Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգտագործվել որպես հինավուրց ավանդույթը մեկնաբանելու գործիք: Դրանք վիրտուալ ու հավելյալ իրականությունը, նոր որակի տեսանյութերը և ինտերակտիվ գործիքներն են: Այսօր տուրիստին հնագույն ժառանգությունը ցույց տալու համար հարկավոր են նոր տեխնոլոգիաներ։ Տեխնոլոգիաները կարևոր են նաև հին ինֆորմացիան նոր սերնդին փոխանցելու համար»:
Գինու զբոսաշրջության եվրոպացի «դեսպանը» նկատում է՝ մարդկանց գինեգործարաններում հյուրընկալելու ձևաչափը նախ ձևավորվեց Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում։ Այնուհետև տուրիզմի այդ ոլորտի նորեկներ դարձան Հայաստանը, Վրաստանը, Հերցեգովինան և Մոլդովան։
Այսօր Արգենտինան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը հսկայական գինեգործարաններ ունեցող երկրներ են։ Առաջինում գինու տուրիզմը համադրվում է սպորտային փորձառությունների, երկրորդում՝ կենդանական աշխարհը դիտելու ժամանցի հետ։ Փոխարենը եվրոպական երկրները, Հայաստանն ու Վրաստանն առաջարկում են մշակութային փորձառություն:
«Հայաստանում դուք գինու զբոսաշրջության հսկայական ժառանգություն ունեք և քայլ առ քայլ պետք է գովազդեք այն։ Ես և իմ ընկերները չպետք է լինենք այն քչերից, ովքեր գիտեն Արենի քարանձավի մասին»։
Էմանուելա Փանկեն նկատում է՝ 6000-ամյա պատմությամբ Արենի քարանձավը կարող է հետաքրքրել համայն մարդկությանը։ Նախքան մեր երկիր այցը՝ Արենին տեսնելը եղել է եվրոպացի մասնագետի վաղեմի երազանքը։