Կյանքին ասել այո՛

Չէի հավատում, որ Արցախից կենդանի մարդ դուրս կգա․ Քրիստինա Ավակովա․ «Կյանքին ասել այո՛»

Քրիստինա Ավակովան ծնվել է 1996 թվականին Հադրութւոմ, երջանիկ մանկությունն անցել է հայրենի քաղաքում։ 2014-2018 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ավարտելուց հետո վերադարձել է Հադրութ ու աշխատել որպես լոգոպետ։

«Մեր ամեն առավոտը սկսվում էր զինվորներին տեսնելով ու նրանց հայրենասիրական երգերը լսելով, քանի որ հայրս զինվորական էր ու ապրում էինք զինվորական թաղամասում։ Ինձ տեսնելիս զինվորներն ասում էին՝ փոխգնդապետի աղջիկը», — ասում է Քրիստինան: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Քրիստինան Հայաստանում էր, ընտանիքը՝ Արցախում։ Պատերազմի հաջորդ օրը մայրն ու քույրերը միացան նրան Երևանում, որտեղ էլ օրեր անց ստացան հայրիկի մահվան բոթը։

Սուրեն Ավակովը զոհվել է հոկտեմբերի ութին Հադրութը պաշտպանելիս։ Այդ օրերին բոլորին ապրելու ուժ տվեց քույրը, որն ընդամենը չորս տարեկան էր։ «Ինձ համար սարսափելի էր նաև 2023-ի պատերազմը, արդեն չէի հավատում, որ Արցախից կենդանի մարդ դուրս կգա»,- ասում է Քրիստինան։ Մինչ օրս էլ չի հավատում Արցախի ու արցախցիների հետ կատարվածին, նրանց հարազատ տնջրի ծառի տակ համացանցում պտտվող Ալիևի լուսանկարն անգամ նրան չի համոզում, որ Արցախը կորցրել են վերջնականապես։ «Այդ ծառը նրանը չի լինելու»,-ասում է Քրիստինան:

Back to top button