Եվրախորհրդարանն ասում է՝ Վրաստանի ժողովրդավարությունը վտանգված է
Ձայների 495 կողմ, 73 դեմ և 86 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունած բանաձևում Եվրոախորհրդարանի անդամները հայտարարել են, որ Վրաստանում տեղ գտած ժողովրդավարության բնագավառի փոփոխությունները զգալիորեն դանդաղեցնում են նրա՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը։
2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ էր տրվել, սակայն երկրում այսօր իշխող կուսակցությունը, որն ակնկալում է հաղթել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում, ուժեղացրել է ավտորիտարության ուղղվածությունը` ասում են եվրապատգամավորները։
Դա վերաբերում է լրատվության ազատությանը, ԼԳԲՏ համայնքի իրավունքներին, ընտրական օրենսդրությանը։ Եվրախորհրդարանի պատգամավորների համոզմամբ` ստեղծված իրավիճակում որոշ օրենքներ ոտնահարում են անգամ խոսքի ազատության իրավունքը, ուժեղացվել են լրատվության վերահսկողությունը, քաղաքացիական հասարակությանը և ոչ կառավարական կազմակերպություններին պարտադրվում են որոշ դրույթներ՝ դրանով խտրականություն մտցնելով խոցելի խմբերի նկատմամբ։
Եվրախորհրդարանի պատգամավորները հավաստիացնում են, որ մինչև օրենսդրական դաշտում լուրջ փոփոխություններ չլինեն Վիաստանում՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում Վրաստանը առաջխաղացում չի գրանցի։
Պատգամավորները ցանկանում են մանրազննին հետաքննել 2024 թվականի գարնանը կայացած խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության կիրառած դաժանության դեպքերը։ Նրանք նաև անհանգստացած են Վրաստանի կառավարության ներկայացուցիչների՝ ատելություն քարոզող հայտարարություններով, ինչպես նաև քաղաքական բազմակարծիքության դեմ երկրի ղեկավարության դիրքորոշմամբ։
Անհանգստություն է նաև հայտնվում Վրաստանի կառավարության այն հայտարարության առնչությամբ, որտեղ վերջինս սպառնում է արգելել ընդդիմադիր կուսակցությունները և դրանք պիտակավորում է որպես քաղաքական քրեական ուժ։
Եվրախորհրդարանը պահանջում է, որպեսզի դադարեցվի Վրաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, և դա արվի այնքան ժամանակ, մինչև կվերացվեն հակաժողովրդավարական օրենքները։
Նրանց համոզմամբ` Վրաստանի կառավարության այժմյան դիրքորոշումները մեծապես դանդաղեցնում են երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Եվրախորհրդարանի անդամները համոզված են, որ առաջիկա ընտրությունները Վրաստանում որոշիչ են լինելու երկրի ապագայի համար։ Նրանք Վրաստանի իշխանություններին կոչ են անում համապատասխանել միջազգային չափանիշներին և հարգել վրաց ժողովրդի կամքն ու իրավունքները։ Բանաձևը Եվրախորհրդրանին և նրա անդամ երկրներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց հանդեպ, ովքեր պատասխանատու են Վրաստանում այսօր ստեղծված ապաժողովրդավարական իրադրության համար։
Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի