Արդարադատության ոլորտի բարեփոխումներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ապահովելու նպատակով Եվրամիության աջակցությամբ արդեն 2 տարի գործում է «Հայաստանում արդարադատության ոլորտի մշտադիտարկում» հարթակը՝ Ջուրեմոնիան:
Ուշադրության առանցքում ոլորտի հիմնական ուղղություններն են՝ դատարաններ, ոստիկանություն, ազատազրկման վայրեր, պրոբացիայի ծառայություն: 23 հասարակական կազմակերպություններ դիտարկել են ոլորտի խնդիրներն ու առաջարկություններ ներկայացրել:
«Հայաստանում արդարադատության ոլորտի մշտադիտարկում» հարթակը՝ Ջուրեմոնիան, համախմբել է մի շարք հասարակական կազմակերպությունների, որոնց գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է ոլորտին: Կազմակերպությունները դաշտային աշխատանքների ընթացքում հանդիպել են խնդիրների, որոնք իրավական որևէ կագավորում չունեն: «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպության իրավաբան Վարսենիկ Նազարյանը օրինակներ է բերում։
«Մենք աշխատել ենք Արցախից բռնի տեղահանված անձանց հետ, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում, ունեցել են որոշակի խնդիրներ՝ կապված օրենսդրական բացերի հետ: Այսինքն՝ օրենսդրորեն չենք կարողացել կարգավորումներ տալ իրենց հարցերին: Դրանք եղել են կենսաթոշակի ստացման, նպաստի ձևակերպման, դատարանի հետ առնչվող հարցեր, որոնց կարգավորման համար մենք ունեցել ենք իրավական բացեր: Այդ մասին բարձրաձայնել ենք և տրվել են համապատասխան կարգավորումներ»:
Վարսենիկ Նազարյանը խոսում է արցախցի ընտանիքներից մեկի՝ իրավական լուծում չստացած խնդրի մասին:
«Ամուսնալուծության և ապահարզանի պահանջ էր ներկայացվել դատարան: Դատարանի որոշումը մեկ կնիքով էր հաստատված, 2-րդ կնիքով հաստատվելու անհրաժեշտություն կար, այսինքն՝ Արցախինը կար, պետք էր Հայաստանինը: Մենք շահառուին ուղղորդեցինք արդարադատության նախարարություն, այնտեղ չեն կարողացել խնդրին լուծում տալ և ուղղորդել են Բարձրագույն դատական խորհուրդ, այնտեղ ևս պատասխանել են՝ որևէ իրավական կարգավորում չկա այդ հարցի վերաբերյալ, որ կարողանան հարցը լուծել»:
Այդպիսի դեպքերը քիչ չեն, դրանց կարգավորման համար հասարակական կազմակերպություններն առաջարկություններ են ներկայացնում գործադիրին: Մի մասն ընդունվում է և իրավական կարգավորում ստանում՝ ասում է «Սոցիալական արդարութուն» հասարակական կազմակերպության նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը։
«Պրոբացիայի մասին օրենքում են ահագին փոփոխություններ կատարել, անչափահասների մասով փոփոխությւոններ կան, 10 առաջարկությունից 3-4-ը ընդունվում են: Արցախից եկել են նաև մարդիկ, ովքեր ազատազրկված էին, և իրենք մեր երկրում, ենթադրաբար, պետք է ազատազրկված լինեին: Արցախի հանարպետության դատական ակտերը պետք է մեզ մոտ ճանաչվեն և հետո ի կատար ածվեն: Այս համակարգը չունեին, սա առաջարկեցինք, և կարծես թե ամբողջությամբ ընդունվել է: Ես կարծում եմ, որ Արցախի հայերի մասին առանձին իրավական ակտ է պետք՝ բոլոր հարցերը կարգավորելու համար»:
Արշակ Գասպարյանը մատնանշում է քաղաքացիական հասարակության և պետության համագործակցության անհրաժեշտությունը։ Դրա ֆորմալ ինստիտուտները կան, բայց գործնականում արդյունավետ չեն։
«Բոլոր նախարարներին առընթեր գործում են հասարակական խորհուրդներ: Նրանց դերը մշտադիտարկումն է, օրակարգ թելադրելը, առավել թափանցիկ դարձնել նախարարության գործունեությունը, որը չկա: Նախարարներ կան, որոնք նշանակվելուց հետո, իսկ դա կարող է լինել 2-3 տարի, գեթ մեկ անգամ խորհուրդ չեն ձևավորել, և հասարակական կազմակերպությունները զրկված են եղել պետական քաղաքականության ու որոշում կայացնելու մասնակցության իրավունքից»:
Ջուրեմոնիա հարթակը մշտադիտարկում է դատաիրավական ոլորտը՝ ոստիկանություն, մեկուսարաններ, պրոբացիայի ծառայություն, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներ:
Մեծամորում գործող «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությունը օգնության ձեռք է մեկնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին ու անձանց: Կառույցի ղեկավար Քնարիկ Գարանֆիլյանն ասում է, որ իրենց ուշադրությունից դուրս չեն մնում վարքային խնդիրներով, ոստիկանությունում հաշվառված անչափահասներն ու քրեակատարողական հիմնարկներից վերադարձած անձինք, որոնք վերաինտեգրման կարիք ունեն: Ինտեգրման դժվարութուններ ունեն նաև տեղահանված արցախցիները: Կազմակերպությունում նրանց հետ աշխատում են հոգեբաններն ու սոցիալական աշխատողները, բայց նրանց աշխատանքի արդյունքը գնահատելու մեխանիզմներ չկան:
«Ցավոք, Հայաստանը չունի այդ չափորոշիչը, թե ինչքանով է ներառված: Որն է չափանիշը, որ հասկանանք՝ մարդիկ արդեն ներառված են հասարակության մեջ, ինչպիսի մեթոդաբանությամբ ենք աշխատում: Հիմա մենք ուզում ենք դա բերել որոշակի ստանդարտների»:
Գործիքակազմը մշակելուց հետո ՀԿ-ներն իրենց առաջարկությունները ներկայացնելու են համապատասխան գե րատեսչություններ: